ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց՝ օլիգարխների հետ լեզու գտնո՞ւմ եք, օրինակ կարո՞ղ եք ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք կամ ալյուրի գինը մի թանկացրեք: Հարցը կապված էր շաքավարազի վերջին թանկացման հետ։
«Դա համարում եք, որ ի՞մ գործառույթն է՝ որ զանգ տամ ջղայն տոնով ասեմ՝ շաքարի գնին ձեռք չտաք: Օլիգարխների հետ ես ինձ շատ հանգիստ եմ զգում: Կարագի, ալյուրի գները թանկացել են, սակայն ոչ ահագին: Գնողունակությունը ձեր եղել է նորմալ, ոչ վատ, քան անցած տարի: Ձեր գնողունակությունը անգամ հարյուր դրամով չի ընկել»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ ադմինիստրատիվ մեթոդներով, գներ թելադրելով չի կարելի տնտեսություն կառավարել։
Արձագանքին, որ մանրածախ առևտրի կրճատումը վկայում է գնողունակության անկման մասին, վարչապետը պատասխանեց. «Առևտուրը կրճատվել է ընդհանուր տնտեսական վիճակից: Շաքարի գինը բարձրացե՞լ է, թե ոչ, չգիտեմ, մնացած ապրանքների գները, որ իջել են, ինչո՞ւ չեք ասում»:
Ասուլիսի ընթացքում հարց հնչեց նաև բանանի հետ կապված։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ տնտեսավարողներից մեկից ահազանգ է ստացել. անհայտ անձինք խոչընդոտել են բանանի ներկրողին։ Նշվում էր, որ կոմիտեի քայլերի արդյունքում տնտեսվարողը հաջողությամբ ներմուծել է ապրանքը և ներմուծել Հայաստան։ Սակայն այս հայտարարությանը ոչ գործողություն չհետևեց՝ այդ անձանց գտնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ եղավ հետո, ինչու ոչ ոք չպատժվեց, ովքեր են հիմա բանան ներմուծում «Պատկերացնում եք՝ ամեն բանան ներկրողին ես իմանամ: Ինձ համար կարևոր հարց չէ, թե պատիժ կրե՞լ են, թե ոչ, կարևորը՝ էլ նման տենդենց չլինելն է: Ինձ միլիցա մի սարքեք»: