Օմիկրոնի շտամով վարակման դեպքում թոքաբորբը կարող է ավելի արագ զարգանալ, քան մյուս շտամների դեպքում: Նման կարծիք է հայտնել վիրուսաբան Ալեքսանդր Սեմյոնովը (Ռուսաստան)։
Նրա խոսքով՝ նոր շտամով վարակվելիս մարդու մոտ հաշված օրերի ընթացքում կարող է թոքաբորբ զարգանալ։ Համավարակի նախորդ փուլերում, երբ կորոնավիրուսի այլ տարբերակներով վարակում էր տեղի ունենում, վարակվելուց մինչեւ թոքաբորբի սկիզբը տեւում էր 10-11 օր։ Հիմա այն կարճացել է՝ մոտ 3-5 օր։
Ըստ մասնագետի՝ վիրուսի նոր տարբերակի` թոքերի էպիթելի հետ փոխազդելու կարողությունը կատարելագործվել է: Դա թույլ է տալիս նոր մոդիֆիկացիայի վիրուսին «ավելի արագ իջնել թոքեր»՝ հրահրելով դրանց բորբոքումը։
Թոքաբորբը կարող է ունենալ հետեւյալ ախտանիշները.
- խորխով հազ, արյան հետքերով,
- ջերմություն, սարսուռ,
- կրծքավանդակի ցավ, որը սրվում է խորը շունչելու, հազի ժամանակ,
- հոգնածություն, թուլության զգացում,
- հեւոց, շնչահեղձություն:
Նորմայից ցածր մարմնի ջերմաստիճանը նույնպես կարող է թոքաբորբի հավանական նշան լինել: Երբեմն` սրտխառնոցը: Տարեց մարդկանց մոտ թոքաբորբը կարող է դրսեւորվել հոգեկան շփոթությամբ, ապակողմնորոշմամբ: