Սևակ Խանաղյանի համերգին նաև հեղինակային երգեր կհնչեն
Advertisement 1000 x 90

Սևակ Խանաղյանի համերգին նաև հեղինակային երգեր կհնչեն

Ուկրաինական «X factor» նախագծում  հաղթանակ տարած հայազգի երգիչ Սևակ Խանաղյանը Հայաստանում է: Երգիչը հին Նոր տարուն՝ հունվարի 13-ին, «Հավանա» ռեստորանայինհամալիրում ելույթ կունենա որպես երեկոյի հատուկհյուր: Կայանալիք համերգի և այլ հարցերի շուրջ երգիչը զրուցեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Ինձ համար շատ հաճելի է հայրենիքում գտնվել: Երեկոյին հնչելու են ինչպես հեղինակային, այնպես էլ արդեն հայտնի երգեր, որոնց հանդիսատեսը սպասում է»:

«Հավանա» ռեստորանային համալիրի տնօրեն և պրոդյուսեր Արայիկ Գաբաջյանի խոսքով` իրենց նպատակը հյուրերին բարձրակարգ երաժշտություն ներկայացնելն է: «Հետևում էինք Սևակի ելույթներին, և նրան մեզ մոտ հյուրընկալելու մեծ ցանկություն առաջացավ, իսկ նրա հաղթանակը ոգևորությամբ ընդունեցինք: Երեկոյին կլինեն նաև «Իսպանական կրքեր» պարային ներկայացում, հայկական էստրադայի մի շարք երգիչների կատարումներ»,-ասաց Գաբաջյանը:

Խոսելով տարբեր նախագծերում իր մասնակցության մասին` Սևակ Խանաղյանը նշեց, որ իր անհաջողություններում չի մեղադրում այլ մարդկանց: «Չեմ կարող ասել, թե նախորդ`«Главная сцена», «Голос» նախագծերում խոչընդոտել են իմ հաղթանակին: Կարծում եմ` լիարժեք ջանք թափելու արդյունքում կարելի է հաջողության հասնել, ինչը եղավ «X factor»-ում: Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ հեղինակային երգերս ներկայացնելու հնարավորություն ունեի, ինչն ավելի էր ընդգծում իմ անհատականությունը»,-շեշտեց Սևակը:

Խանաղյանի խոսքով` «X factor»-ին մասնակցելիս հույս է ունեցել, որ հայրենակիցներն իրեն կաջակցեն, սակայն չի պատկերացրել, որ այն այդքան մեծ կլինի:

Խոսելով ազգային երաժշտության մասին` Սևակն ընդգծեց, որ շատ է սիրում և գնահատում հայկական ֆոլկլորը: «Այն շատ խորն է և անտարբեր չի թողնում: Ըստ իս`ձեռագիր ունեցող երգիչը կարող է յուրովի մատուցել անգամ ժողովրդական երգը, քանի որ այն պատմություն է, որը ես պատմում եմ իմ ձևով, չեմ կարող զգալ այն, ինչ զգացել է հեղինակը»,-նշեց նա:

Սևակ Խանաղյանն անդրադարձավ նաև «Եվրատեսիլ» երգի մրցույթին ու ասաց, որ իր համար մեծ պատիվ կլիներ Հայաստանն այդտեղ ներկայացնելը: «Այս տարվա մասնակցին` Արծվիկին, անձամբ եմ ճանաչում: Նա հիանալի վոկալ ունի և առաջին իսկ նոտաներից կարելի է տարբերել Արծվիկի ձայնը: Վստահ եմ, որ նա պատվով կներկայացնի մեր երկիրը»,-ասաց Սևակը:

Անդրադառնալով ապագա ծրագրերին`երգիչը նշեց, որ նոր երգեր են գրվելու, ձայնասկավառակ է լինելու, համերգներ:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում, Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում:  Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների` «Главная сцена», «Голос», «X factor»…