Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների հարազատներից Ռիտա Պետրոսյանը պնդում է, որ իր քրոջ ընտանիքի սպանությունը չբացահայտեցին, այդպես էլ պարզ չդարձավ, թե ով էր իրական մարդասպանը ու որն էր իրական դրդապատճառը:
«Իրանք իրանց դատեցին, իրանք իրանց փակեցին գործը: Ոչ տեսանք, ոչ էլ լսեցինք, թե ովքեր էին իրական մարդասպանները, որն էր իրական պատճառը: Ինչ ձևի ուզեցին, դրեցին գործը փակեցին, էս ընտանիքի դուռն էլ սև քարով փակվեց, պրծավ: Դուք ինքներդ տեսաք՝ տունը ինչի է վերածվել: Ինչի՞ համար պիտի էսպես լիներ, մենք ապրում ենք մի երկրում, որը թաղված է անարդարության մեջ՝ մենք չունենք ղեկավար, չունենք իշխանություններ.. Ինչի՞ համար չպիտի պատժվեին մեղավորները, որ մենք հանգիստ լինեինք, ի՞նչ է Պերմյակովին բռնեցին ու հարցը լուծվե՞ց…
Մենք ոչ մեկս ապահովված չենք, թե վաղը նույն սպանդը մյուսի տունը չի լինի: Իրենք իրենց մեջ շատ լավ գիտեն, թե էս գործը ինչից է սկսվել, ինչով է վերջացել, ուղղակի իրենց հիմա պետք չէ, որ բացահայտվի, թե չէ չէի՞ն կարող մի հրամանատար Ռուսաստանից բերեին, բերաններս վերք բռնեց կանչելով: Դատերին ես Ռուսաստանի Դաշնությունից եմ եկել-գնացել, տունս էլ ծախեցի, սաղ ճամփեքի փող արեցի, փողոցները մնացի, բա սա երկի՞ր է»,- արտասվեց Ռիտա Պետրոսյանը:
Նա չի հավատում դրդապատճառին, թե Պերմյակովը մտել է իր քրոջ տուն գողություն կատարելու համար: «Ոչ մի գողություն, սա նախապես պլանավորված էր դեռ 2-3 տարի առաջ՝ ոչնչացնել հայ ընտանիք, մեծ ընտանիք: Բոլորիս էլ ակնհայտ է, որ Պերմյակովը մենակ չէր կարող անել, նույնիսկ երեխաները դա գիտեն: Ես Մոսկվայում եմ ապրում, ռուսն անգամ ասում է՝ ինչ տունտունիկ են խաղում, դա ինչ դատավարություն է»:
Ռիտա Պետրոսյանն ասաց, որ Մոսկվայում փորձել են ռուս փաստաբաններ վարձել, գործը նորից բացել տալ, սակայն շատ թանկ գին են ուզել: