Աշխարհում հազվադեպ են նկարահանվում ֆիլմ-օպերաներ։ Դա շատ ծախսատար ու բարդ ժանր է։ Ֆիլմ-օպերան պարզապես նկարահանված օպերային ներկայացում չէ, դա շատ յուրահատուկ ժանր է, որտեղ երգիչը պետք է դերասան լինի, իսկ իրական միջավայրը պայմանականություն ձեռք բերի: Նախևառաջ պետք է լավ դերակատարներ ու համարձակ բեմադրիչ գտնվեն։ Եմ մեզ՝ հայերիս համար մեծ հպարտություն է նշել, որ վերջին 20 տարիների ընթացքում հետխորհրդային շրջանում առաջին ֆիլմ-օպերան նկարահանել է մեր հայրենակիցը՝ մոսկվացի ռեժիսոր Բորիս Հայրապետյանը։
Վինչենցո Բելինիի «Նորմա» օպերան նկարահանվել է Հայաստանում՝ հայ օպերային արտիստների մասնակցությամբ, և մեծ հաջողությամբ է ընդունվել աշխարհում։
Վեհ ու ողբերգական «Նորման» շատ քիչ է բեմականացվում աշխարհում: Հայտնի է, որ «Նորմայի» 20 բեմադրություններից 14-ը տապալվել են: Աստղերը վախենում են «Նորմա» երգել, որովհետև միանգամից երևում է երգչուհու մաքսիմումը: «Նորմա» երգելը օպերային երգչուհու համար նույնն է, ինչ «Համլետ» խաղալը դրամատիկ դերասանի համար: Բորիս Հայրապետյանի «Նորմայում» երգում են աշխարհահռչակ սոպրանոներ Հասմիկ Պապյանը, Վարդուհի Խաչատրյանը, տենոր Գեղամ Գրիգորյանը: Եվ շատ կարևոր է, որ երգիչները ոչ միայն երգում են, այլև` խաղում են կադրում: Բորիս Հայրապետյանի սկզբունքային մոտեցումն էր, նա կարողացավ օպերային պաթետիկ պատմությունը դարձնել մարդկային ու անկեղծ: Ռեժիսորը բացասեց դեկորատիվ տարրերը: «Ռոսիյսկայա գազետա» թերթը գրում է. «Հայրապետյանն առաջին հերթին երաժիշտ է, ով կարողացել է դիմակայել գայթակղությանն ու զերծ է մնացել ավելորդություններից»: Բորիս Հայրապետյանը համոզված է, որ օպերան ոչ թե միայն փայլուն, թանկարժեք և գեղեցիկ արարողություն է, այլ` կոնկրետ մարդկանց դրամա, այսօրվա կյանքի արտացոլումը:
«Նորմայի» համար «կենդանի» դեկորացիա դարձավ հայկական բնաշխարհը, շատ տեսարաններ նկարահանվել էին Գառնու տաճարի մոտակայքում ու հայկական լեռներում: «Հայաստանի բնությունն ազատ արձակեց վեհ երաժշտությունը»,- գրել են ռուսական հեղինակավոր թերթերը:
«Նորման» բեմականացնելը շատ բարդ է, քանի որ դա շատ ստատիկ օպերա է` նվազագույն միզանսցեններով և բարդագույն արիաներով։ Ռուսական թերթերը գրել են, որ ֆիլմ-օպերա նկարահանել ցանկացող ռեժիսորը պետք է առնվազն «ինքնասպանությանը» պատրաստ լինի, քանի որ ֆիլմեր արտադրողներն այդ ժանրը ոչ վարկանիշային են համարում: Սակայն «Նորման» ապացուցեց, որ բնավ էլ այդպես չէ, որ սիրով և պրոֆեսիոնալիզմով նկարահանված արվեստի գործն անպայման գտնում է իր հանդիսատեսին: Բորիս Հայրապետյանի նկարահանած «Նորման» սկսել է իր հաղթարշավը ողջ աշխարհով մեկ: Հոլիվուդյան հայտնի «Universal» ստուդիան գնել է ֆիլմի ցուցադրության իրավունքներն ու թողարկել է ֆիլմի DVD տարբերակը: Իսկ տեսաերիզների տիտրերը թարգմանվել են աշխարհի ութ լեզուներով: Ֆիլմը ցուցադրվում է տարբեր փառատոներում, հատուկ բացօթյա ցուցադրումներ են կազմակերպվում:
Բորիս Հայրապետյանը վերջերս է վերադարձել Իտալիայից, որտեղ «Նորմայի» ցուցադրությունը տոնի էր վերածվել: Ընդհանրապես, Եվրոպայում ֆիլմ-օպերա ցուցադրելու հետաքրքիր ավանդույթ կա. օպերան սովորաբար ցուցադրվում է մեծ զբոսայգիներում կամ այլ մարդաշատ վայրերում տեղադրված էկրանին, իսկ մարդիկ գալիս են դասական ստեղծագործությունները նայելու ու լսելու տոնական տրամադրությամբ: Օպերային արվեստն այդպիսով ավելի դեմոկրատական ու հասանելի է դառնում: ՀՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը նույնպես ցանկանում են նման տոն պարգևել հայ հանդիսատեսին և հայ երգիչների կատարումներով ու հայկական պատկերներով ողողված օպերան ցուցադրել Երևանի Ազատության հրապարակում:
Նունե Հախվերդյան
«3 Միլիոն»