Օրերս մենք տեղեկացրել էինք, որ Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի Ինքնապաշտպանության Ուժերի հրամանատարությունը հայտարարություն է տարածել Շանգալի առաջնորդների խորհրդի համանախագահ Մարվան Խուդեդայի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ․«Այս հարձակումը իրականացվել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության, Փարաստնի և նրանց գործընկեր թշնամական կազմակերպությունների կողմից։ Այս մասին մենք քաջ տեղեկացված ենք»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Թուրքիայի ԶՈՒ-ն հարված էր հասցրել Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի Խանասոր բնակավայրին, որի հետևանքով զոհվել էր Շանգալի առաջնորդների խորհրդի համանախագահ Մարվան Խուդեդան։
Շանգալի Ինքնապաշտպանության Ուժերի հրամանատարությունը իր հայտարարության մեջ նաև նշում էր, որ իրենց ազատագրական պայքարը չի կանգնելու, քանի որ իրենք իրենց նահատակ ընկերներին երդում են տվել շարունակել իրենց գործը․«Թուրքիան և իր գործընկերները չեն կարող կանգնեցնել մեզ։ Թուրքական զինվորականները հայտնվելու են մեր թիրախում, թող զգուշանան»,-ասվել էր հայտարարության մեջ։
Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Հյուսիսային Իրաքում Մարվան Խուդեդայի դեմ գործողություն իրականացնող թուրքական զորամիավորումներից մեկը դեկտեմբերի 9–ին հանկարծակի ենթարկվել է հարձակման։
Քրդական ANF–ի փոխանցմամբ՝ մարտիկները հարձակվել են Հյուսիսային Իրաքի Զապի շրջանում տեղակայված թուրքական զորամիավորման դիրքերի դեմ՝ սպանելով 8 թուրք զինվորի։