Երեկ՝ հունվարի 12-ին, երգչուհի Ռուզան Ավետիքյանը նշում էր ծննդյան 39-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին անկեղծացել է անձնական ցանկություններով եւ 2017-ի հետ կապված ծրագրերով:
Ծննդյան օրվա հետ կապված ինքն իրեն Ռուզանը մեկ բարեմաղթանք ունի.
«Ինքս ինձ բացի ստեղծագործական հաջողություններից ամենակարեւորը մաղթում եմ ընտանեկան երջանկություն, քանի որ կարծում եմ, դա մարդու կյանքում ամենակարեւորն է: Ի դեպ՝ ուզում շնորհակալությունս հայտնել ծնողներիս ինձ կյանք տալու եւ այդքան լավ դաստիարակության համար: Շնորհակալ եմ նաեւ հանդիսատեսիս, առանց նրանց գնահատականի մենք ոչինչ անել չենք կարող»,- նշեց նա:
Մեր հարցին, թե երգչուհին արդյոք շատ կանանց նման չի մտածում մայրանալ՝ չգտնելով իր պատկերացումների տղամարդուն, պատասխանեց.
«Ոչ, ես կմայրանամ այն ժամանակ, երբ իմ ընտանիքը կստեղծեմ: Երբ լիարժեք ու առողջ ընտանիքում ես մեծանում, իսկ ես հենց այդպիսի ընտանիք ունեմ, ապա քեզ համար հենց նման ընտանիք ես ուզում ունենալ, որպեսզի տղամարդդ նման լինի հորդ, եղբորդ: Ես ուզում եմ ստեղծել իմ ընտանիքը, որտեղ առողջ մթնոլորտում կծնվեն նաեւ իմ ապագա երեխաները»:
Հոբելյարի խոսքով՝ շատերի կարծիքով ինքը մեծամիտ է, դա էլ պատճառ է դառնում, որ տղամարդիկ խուսափեն իրենից: Թե որն է Ռուզանի ՝ տղամարդու իդեալը, նկատեց.
«Չգիտեմ էլ, թե ինչու, բայց շատերի կարծիքով ես գոռոզ եմ, մռայլ, չշփվող, անգամ լսել եմ, որ որոշ տղամարդիկ ինձնից վախենում են: Այս պահին ուզում եմ ասել, որ ինձնից վախենալ պետք չէ, ես ոչ մեկին ոչ կոպտում եմ, ոչ էլ նեղացնում: Եթե խոսեմ իդեալից, ապա պետք է նշեմ, որ իմ տղամարդու իդեալը հայրս ու եղբայրս են, կարծում եմ՝ տղամարդը պետք է իր կնոջը կես խոսքից եւ մեկ հայացքից հասկանա, նա չպետք է լինի ստախոս, պետք է լինի աշխատասեր ու առատաձեռն: Եթե այս հատկանիշները լինեն, ուրեմն մնացած ամեն բան փոխզիջման ու իրար հասկանալու շնորհիվ կարող է կայանալ»:
Թե որն է Ռուզան Ավետիքյանի գեղեցկության ու երիտասարդության գաղտնիքը, պատասխանեց.
«Կարծում եմ, իմ պարագայում մեծ դեր ունի գենետիկան, որը ծնողներիս կողմից է փոխանցվել ինձ, սակայն ինձ համար ամենակարեւորը հոգու գեղեցկությունն է, ժպիտն ու կենսախինդ լինելը: Ես փորձում եմ մշտապես պահպանել բարձր տրամադրություն, անգամ ուսանողներս, առավոտյան ինձ տեսնելով, հաճախ են հարցնում, թե ինչպես է հնարավոր վաղ առավոտյան լինել այդքան թարմ, էներգիայով լի, ակտիվ ու ժպտառատ, իսկ իմ պատասխանը մեկն է՝ օրդ ինչպես սկսես, այնպես էլ կշարունակվի, եւ կյանքդ էլ նույն կերպ կդասավորվի»:
2017-ին Ռուզան Ավետիքյանը նախատեսում է շարունակել իր ակտիվ գործունեությունը որպես դասախոս, նաեւ խոստանում է իր երկրպագուներին գարնանը տեսահոլովակ ներկայացնել.
«Այս պահին արդեն իսկ ունեմ երկու երգեր, որոնք նախապատրաստման, գործիքավորման փուլում են: Առաջիկայում այդ երկու երգերից որեւէ մեկի վրա տեսահոլովակ կնկարահանեմ: Ծրագրերիս շարքում կան նաեւ արտերկրի համերգներ, այնպես որ, կարծում եմ, տարին աշխատանքով առատ կլինի»,- ավարտեց երգչուհին: