Երևանի կենտրոնում` մանկական այգում (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) իրականացված պեղումների ընթացքում ուշ միջնադարյան ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ է հայտնաբերվել։ Մասնագետները նաև անոթների բեկորներ, կավե, հախճապակե և կերամիկական կենցաղային առարկաներ են գտել։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը պեղումները սկսել է դեկտեմբերի 1-ից: Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյանը, տվյալները նախնական են, և դրանց մասին 100 տոկոս ճշգրտությամբ կարելի է խոսել աշխատանքներն ավարտելուց հետո։
Մերի Սաֆարյանը ցույց է տալիս գտածոներից մեկը
Որ գետնի տակ ինչ–որ կարևոր բան է հայտնաբերվել, հնագետներն իմացել են շինարարական ընկերության ներկայացուցիչներից։ Կառուցապատողը այգու ղեկավարությունից սրճարան կառուցելու թույլտվություն է ստացել։
Հողային նախնական աշխատանքներից և հիմքի լցոնման համար տարածքը պատրաստելուց հետո որոշ շերտեր են ի հայտ եկել։ Ընկերության ներկայացուցիչները դիմել են պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին:
Երևանի կենտրոնում հայտնաբերված «թաքուն» շերտերը
«Երբ մեր մասնագետները ուսումնասիրեցին տարածքը, պարզ դարձավ, որ սա շարքային շինություն չէ, այլ պատմամշակութային կարևոր ժառանգություն»,-պարզաբանեց Սաֆարյանը։
Արշավախմբին հաջողվել է ի հայտ բերել աղյուսե պատերով և հատակով սենյակներ։ Հայտնաբերվել է նաև, ըստ ամենայնի, հին Երևանի ջրահեռացման և ջրամատակարարման համակարգը․ այն կառուցված է տուֆից, թունելի ելքի տրամագիծը մինչև 50 սանտիմետր է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am