Մատենա․ մասնագիտական կրթության հայաստանյան կենտրոնը
Advertisement 1000 x 90

Մատենա․ մասնագիտական կրթության հայաստանյան կենտրոնը

«Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:

Կենտրոնն առաջարկելու է բոլորովին նոր որակի և ձևաչափի կրթական ծառայություններ՝ արդեն հավաքագրած լինելով թե՛ համաշխարհային, թե՛ տեղական փորձագետների հսկայական բազա, համադրելով և մեկտեղելով նրանց փորձը, ինչպես նաև համագործակցելով միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ:

Մատենան հավակնում է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, ինչը շղթայական ազդեցությամբ պետք է նպաստի ամբողջ համակարգի աստիճանական բարեփոխմանը: Նոր կրթական կենտրոնի առանցքային գործընկերներից մեկը «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցն է, որի հետ համատեղ արդեն մշակվել և մատուցվելու են «Մատենայի» մեկնարկային ծրագրերը՝ միջին և բարձր օղակների ղեկավարների, ինչպես նաև ձեռնարկատերերի համար:

Դպրոցի հոգաբարձուների միջազգային խորհուրդը, ինչպես նաև միջազգային ակադեմիական խորհուրդը կազմված են ակադեմիական և գործարար համայնքների հեղինակավոր ներկայացուցիչներից, հայտնի հասարակական-քաղաքական գործիչներից, որոնց թվում են՝

-«McKinsey» ընկերության՝ Բելգիայի և Լյուքսեմբուրգի գրասենյակի երկարամյա ղեկավար, Բրյուսելի ազատ համալսարանի խորհրդի նախագահ Պիեռ Գուրջյանը,
-«Picsart» ընկերության համահիմնադիր և տնօրեն Հովհաննես Ավոյանը,
-«Krisp» և «10Web» ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանը
-«Yandex» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը,
-Նոր տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը,
-Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն,
-Մոսկովյան ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանը,
-«Renault-Nissan-Mitsubishi» ավտոմոբիլային ալյանսի նախկին ղեկավար Կառլոս Գոնը,
-«Ernst & Young» ընկերության՝ ԱՊՀ երկրների երկարամյա ղեկավար Կառլ Յոհանսոնը,
-Ղազախստանի նախկին վարչապետ Իմանգալի Տասմագամբետովը,
-«QG Family Office» ընկերության տնօրեն Մարթա Ալբերտը և այլ նշանավոր անդամներ:

«Մատենայի» առաջին ծրագրերը մեկնարկելու են 2022 թվականի առաջին եռամսյակում: Ծրագրերի հնարավոր մասնակիցներ կլինեն ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչները և օտարերկրացիները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և տարածաշրջանի այլ երկրներից:

Համաշխարհային և տեղական հզոր փորձագիտական ցանցի միջոցով կազմակերպվելու են նաև անվճար բաց դասեր՝ երիտասարդների, ուսանողների և հասարակության ավելի լայն շերտերի համար: Մատենայի դասընթացներն անցկացվելու են ինչպես Հայաստանում (Երևան, Դիլիջան և այլն), այնպես էլ արտերկրում՝ միջազգային գործընկերների հետ համատեղ։

Մեկնարկային ծրագրերի մասին կհայտարարվի շուտով:

investmagazine.am