Կայացավ ճանաչված դիզայներ Քրիստինե Գրիգորյանի նոր հավաքածուների ցուցադրությունը, որին եկել էին մասնակցելու հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներ ու հյուրեր։
Ներկայացվեց 3 ցուցադրություն, որոնցից մեկը ձմեռային վերարկուների հավաքածուն էր, մյուսը՝ ատլասե զգեստների, և 3-րդն ու դիզայների կողմից թերևս ամենասիրվածը ՝ «Հայկական հոգի» հավաքածուն։ Ցուցադրությանը մասնակցեցին նաև Հայաստանի մանկատների սաներից մի քանիսը։
Մանկատան սաները կյանքիս կարևոր մասնիկն են
2 երեխաների մայր Քրիստինե Գրիգորյանը սիրով է խոսում մանկատան սաների մասին. նրանց պարբերաբար այցելում է ու փորձում այս ոլորտով հետաքրքրված երեխաների համար հարթակ ստեղծել։ Ցուցադրությունների ժամանակ երեխաները բեմահարթակ են դուրս գալիս, նրանց համար կազմակերպվում են դասընթացներ, կարվում է հագուստ։
«Անչափ սիրում եմ մանկատան սաներին, իրենք իրենց տեսակով ոգեշնչում են ինձ։ Իմ կյանքի կարևոր մասնիկն են»,-ասում է դիզայները։
Նշենք, որ Քրիստինեն հաճախ է մանկատան երեխաների համար անվճար հագուստ կարում ու նվիրում։
Մանկատան սաներն էլ իրենց հերթին անչափ սիրում են դիզայներին։ Նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում պատմեցին իրենց երազանքների ու բեմում հայտնվելու մասին։
Ծնողներից հրաժարվելու ու հոգեբան դառնալու մեծ երազանքի մասին
15-ամյա Շուշանը (անունը փոխված է) շատ ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռվել սովորելու նորաձևության դպրոցում և մասնակցել ցուցադրությունների։
Աղջիկը վերջին ամիսներին է հայտնվել մանկատանը։ Ասում է՝ ինքնակամ է հրաժարվել ընտանիքից, քանի որ իրեն տանը ծեծում էին ու նվաստացնում։
«Ես դեռ փոքրուց միշտ տարբերվել եմ իմ ոճով։ Սիրում էի տարբեր հագուստներ համադրել, հետո, երբ մի քիչ մեծացա, մայրս ինձ կարել սովորեցրեց ու ես սկսեցի ինձ համար հագուստներ կարել։ Մայրս շատ էր սիրում նաև ասեղնագործել հագուստի վրա, ինձ էլ էր սովորեցնում»,-պատմում է նա։
Աղջիկը երազում է հայտնի մոդել և դերասանուհի դառնալու մասին։ Բացի այդ, ուզում է անպայման զբաղվել բարեգործությամբ, որպեսզի օգնի սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող երեխաներին։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am