Հայաստանի գլխավոր ժամացույցի 80-ամյակի առթիվ հանրությանը կներկայացվի առցանց համերգ Հայաստանի գլխավոր ժամացույցի սրահից՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ։
Նախաձեռնությունն իրականացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Սարեր» մշակութային ՀԿ օժանդակությամբ։ Առցանց համերգը կցուցադրվի դեկտեմբերի 24-ին, ժամը 21:00-ին՝ դաշնակահարի, ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջերում։
Համերգային ծրագրում հայ և եվրոպացի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ են, որոնք թեմատիկ առումով կապված են ժամացույցի և Երևանի հետ` Հայդն, Դակեն, Կուպերեն, Հենդել, Սարյան, Բաբաջանյան, Այվազյան/Կոստանյան։
Համերգի շրջանակում Հայկ Մելիքյանը ներկայացնելու է աշխարհում գուցե առաջին ստեղծագործությունը՝ դաշնամուրի և քաղաքային ժամացույցի զանգերի համար՝ «Երևանյան կամպանելլա» խորագրով։ Ստեղծագործությունը պրեմիերա է, այն գրել է Հայկ Մելիքյանը՝ հատուկ այս նախագծի համար։
«Այս նախագծում համընդհանուր սեր կար, բոլոր ներգրավված կողմերը աշխատում էին յուրօրինակ երախտապարտության ու հպարտության միջավայրում։ Մեր երկրի գլխավոր ժամացույցը բազում սերունդների ու փոփոխությունների վկան է, մեր պետականության խորհրդանիշը։ Իսկապես շնորհակալ եմ մեր բոլոր թիմակիցներին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնին, ՀՀ վարչապետի աշխատակազմին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, և «Սարեր» մշակութային ՀԿ-ին՝ միահամուռ ու սահուն աշխատանքի համար», – նշում է նախագծի պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։