Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամով՝ օմիկրոնով պայմանավորված մահվան դեպք: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, «Deutsche Welle» -ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Ցավոք, օմիկրոնն իր ազդեցությունն է թողնում հոսպիտալացումների վրա: Ցավոք, նաև հաստատվել է այն, որ մահացել է կորոնավիրուսով վարակված մեկ անձ, ում մոտ հաստատվել էր օմիկրոն շտամը»,-նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ օմիկրոն շտամով պայմանավորված աշխարհում առաջին մահվան դեպքի մասին հայտնում է Մեծ Բրիտանիան:
Կորոնավիրուսի նոր շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի 60-ից ավելի երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել և նշել, որ տարածվածության ռիսկը բավական բարձր է: