Աբսուրդ է, կապող ուղի ենք դառնում այն պետությունների համար, որոնց նպատակը է տարածաշրջանում մեզ ոչնչացնելն է. Աբովյան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Աբսուրդ է, կապող ուղի ենք դառնում այն պետությունների համար, որոնց նպատակը է տարածաշրջանում մեզ ոչնչացնելն է. Աբովյան. pastinfo.am

ՀՀ գործող իշխանությունները, առաջ մղելով շինծու և թուրք-ադրբեջանահաճո թեզն առ այն, թե խաղաղության դարաշրջան է բացվում, պատրաստ են զիջել պետական շահը, տեսլականը՝ դրա դիմաց, իբր թե, բարիդրացիական հարաբերություն ստանան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ 8-րդ գումարման ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերի համար։ ՀՀ ԱԳՆ-ն էլ դրական է գնահատել այդ հայտարարությունը։

Արման Աբովյանը նկատում է՝ զավեշտալին այն է, որ իշխանությունները երդումներ էին տալիս, որ թուրքերի հետ ոչ մի կապ ու հարաբերություն չունեն, ոչ մի բանակցային փուլ չկա, սակայն Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն փաստացի բացահայտեց, որ, ըստ էության, եղել են ինչ-որ պայմանավորվածություններ, որոնց հիման վրա էլ Հայաստանն ու Թուրքիան ինչ-որ գործընթաց են սկսում։

«Ինչու՞ է ՀՀ իշխանությունը թաքցրել այդ տեղեկությունը։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ Թուրքիան առաջ է մղելու իր նախապայմանները և դրանցից հետ չի կանգնելու։ Նախապայմաններից առաջինն էլ այն է, որ անվերապահորեն պետք է ընդունել արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներն առ այն, որ Արցախի տարածքն օկուպացված է, Հայաստանի տարածքներից են օկուպացված։ Այսինքն` Հայաստանը պետք է հաշտվի դրա հետ»,-ասաց Արման Աբովյանը։

Թուրքիայի նախապայմաններից մեկն էլ կլինի այն, որ Հայաստանը ճանապարհ կամ միջանցք տրամադրի, ինչը փաստացի կմիացնի թուրքական պետությունները՝ մեծ թուրանական նախագծի շրջանակում։ Արման Աբովյանը գտնում է, որ դա պատմական կարճ ժամանակահատվածում կհանգեցնի ՀՀ-ի մասնատմանը, եթե ոչ քաղաքականապես, ապա լոգիստիկ առումով։

«Աբսուրդ է, մենք կապող ուղի ենք դառնում այն պետությունների համար, որոնք չեն թաքցնում, որ իրենց հիմնական նպատակը ՀՀ-ի և հայկական գործոնի դուրս մղումը կամ ոչնչացնում է տարածաշրջանից»,-նշեց Արման Աբովյանը։

Բացի այդ Թուրքիան չի հրաժարվել նաև հայոց ցեղասպանության հարցը քաղաքական և պահանջատիրական տիրույթից պատմական տիրույթ տեղափոխելու իր նախապայմանից, և քաղաքական գործիչը կանխատեսում է, որ Հայաստանը հնարավոր է դիմի ամենակործանարար քայլին ու մեկընդմիշտ փակի հայոց ցեղասպանության հարցը։

«Նախապայմանները շատ են։ Թուրքիան օրինակ առաջ է մղում ՀՀ-ի զինանշանի վրայից Արարատ լեռան հեռացումը, ինչպես նաև Սահմանադրությունից Արևմտյան Հայաստան հասկացության վերացումը։ Փաստացի ունենք մի իրավիճակ, որ Թուրքիան իր շահերն է պաշտպանում, բայց նման գործողությունները բխու՞մ են ՀՀ-ի շահերից։ Նվազագույնն անվտանգության առումով չեն բխում։ Թուրքերն ու ադրբեջանցիները չեն թաքցնում, թե իրենց ուզածն ինչ է, իսկ հայկական կողմն ասում է՝ կապ չունի ազգային, պետական շահ, անվտանգություն, կարևորը սաղ լինենք, չաղ ու բախտավոր»,-նշեց Աբովյանը։

Վերջինս ընդգծեց՝ կործանարար գործընթացները շարունակվում են և այն, ինչ այսօր տեսնում ենք, դա մեր ծանր ու վճռական օրերի սկիզբն է։

pastinfo.am



Նման նյութեր