Դատավորներն այսօր անպաշտպան են, կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ որոշումները վերջնական են, դատավոպը այն բողոքարկելու հնարավորություն չունի։
Իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումնեպը հիմնականում արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունների հիման վրա են կայացվում։ Այսօր ասուլիսում հայտարարել է փաստաբան Մելանյա Առուստամյանը:
Ըստ նրա, ստացվում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պաշտպանել իր իրավունքները եռաստիճան դատական համակարգում, իսկ դատավորները՝ ոչ, և ՀՀ–ում չկա մի դատարան, որտեղ դատավորը կարող է վիճարկել իր նկատմամբ կայացրած ԲԴԽ որոշումը:
«Սա հիմնախնդրի է, քանի որ դատավորը չի կարող վիճարկել իր խախտված իրավունքների օրինականությունը: ԲԴԽ ակտերը երբեմն կայացվում են չպատճառաբանված, չհիմնավորված, այդ մասին են վկայում հենց ԲԴԽ կայացրած որոշումների վերաբերյալ ԲԴԽ անդամների կողմից արտահայտված հատուկ կարծիքները, որոնց համաձայն ԲԴԽ-ն երբեմն կայացնում է ոչ համաչափ պատիժ, օրինակ խիստ նկատողություն, որին պետք է հաջորդի լիազորությունների դադարեցում»,- ասաց Մ.Առուստամյանը։
Փաստաբանի խոսքով, սա ընդհանուր խնդիր է, այսինքն դատավորն իրավունք չունի վիճարկել իր նկատմամբ կայացված ակտի օրինականությունը, ինչը միջազգային կոնվենցիաների համապատասխան նորմերի խախտում է:
«Արդարացի դատական ակտեր կայացնող դատավորներն են հիմնականում պատասխանատվության ենթարկվում»,- ասաց փաստաբանը ու
նշեց, որ այն դատավորները, ովքեր հույս էին ներշնչում, որ արդար դատական համակարգը կայանում է, այդ դատավորների գործունեությունը վտանգված է: Եթե կարգապահական վարույթների հարուցումը շարունակական բնույթ կրի, ապա, կարծում է, կզրկվեն արդար դատական համակարգ ունենալու հույսից:
Աղբյուր` Փաստինֆո