90 օրով հետաձգվել է «Միսս աշխարհ 2021» գեղեցկության մրցույթի հոբելյանական՝ 70-րդ միջազգային մրցույթի եզրափակիչը, որը դեկտեմբերի 16-ին պետք է տեղի ունենար Պուերտո Ռիկոյում։ Այս մասին ասվում է շոուի կազմակերպիչների տարածած մամուլի հաղորդագրությունում։
Մրցույթի 97 մասնակիցներից 23-ի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել։
«Մասնակիցների շարքում, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, եղել է Մալայզիայի ներկայացուցիչ Լավանիա Շիվաջին։ Հիմա նա մեկուսացած է, սակայն «կլինիկական առումով առողջ» է»,- ասված է մրցույթի էջում։
Հիվանդացածները կարանտինում են, բժիշկների հսկողության տակ․ նրանք կկարողանան տուն վերադառնալ լիովին ապաքինվելուց հետո։
«Միսս աշխարհ 2021»-ը 70-րդ հոբելյանական մրցույթն է։ Սպասվում է, որ հինգ տարվա դադարից հետո մասնակիցները բեմ կբարձրանան լողազգեստներով։ Հայաստանը մրցույթում ներկայացնում է Միրնա Պստիկյանը։