ՄԻՊ-ի թեկնածուն թաքցրել է ծնողների ունեցվածքի մասին ինֆորմացիան
Advertisement 1000 x 90

ՄԻՊ-ի թեկնածուն թաքցրել է ծնողների ունեցվածքի մասին ինֆորմացիան

Մարդու իրավունքների պաշտպանի իշխանական թեկնածու Քրիստինե Գրիգորյանը, որը Արդարադատության նախարարի առաջին տեղակալն է, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում չի ներկայացրել իրեն փոխկապակցված անձանց ցուցակը, չնայած Գրիգորյանը նույն հասցեում է բնակվում հոր՝ Աղվան Գրիգորյանի, եղբոր՝ 1990 թվականին ծնված Արաբո Գրիգորյանի և 1957 թվականին ծնված Մարո Նավասարդայնի հետ, որը, ենթադրվում է՝ Գրիգորյանի մայրն է։

Ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձին փոխկապակցված անձինք են համարվում «բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները»։

Այսինքն՝ Գրիգորյանը պետք է ներկայացներ իր ծնողների և եղբոր ունեցվածքի վերաբերյալ տեղեկություն, սակայն այն հանրությանը հասանելի չէ, ինչը պաշտոնատար անձի էթիկայի ու օրենքի խախտում է և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Ինչ վերաբերում է Քրիստինե Գրիգորյանի ներկայացրած վերջին հայտարարագրին, ապա նա 2020 թվականին հայտարարագրել է բնակարան Քանաքեռ Զեյթունի բազմաբնակարան շենքերից մեկում։ 2020 թվականի վերջին Քրիստինե Գրիգորյանի բանկային հաշիվներին առկա է եղել 7 մլն 272 հազար դրամ, կանխիկ գումարը կազմել է 3 մլն 100 հազար դրամ, և 9 հազար ԱՄՆ դոլար։

oragir.news