Հացի փող չունեն, բայց ինտերնետի ու հեռախոսի վարձը մուծում են. Հայաստանի կեսն աղքատ է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հացի փող չունեն, բայց ինտերնետի ու հեռախոսի վարձը մուծում են. Հայաստանի կեսն աղքատ է

Աղքատության ընդհանրական ցուցանիշով առաջատարը գյուղական համայնքներն են։ Աղքատների 51.1 տոկոսն ապրում է գյուղում, 48.9 տոկոսը` քաղաքներում։

Հայաստանի բնակչության գրեթե կեսը կամ 47.6 տոկոսն աղքատ են։ Այս պատկերն է ստացվել Վիճակագրական կոմիտեի իրականացրած տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության արդյունքում։

Նույն հետազոտության համաձայն` ՀՀ բնակչության 0.7 տոկոսը պարենային աղքատներն են, այսինքն ` մարդիկ, որոնք սովի են մատնված։

Ցուցանիշները վերաբերում են 2020թ–ին։ 2021–ը դեռ չի ուսումնասիրվել։

Վիճակագրական կոմիտեի Տնային տնտեսությունների վիճակագրության բաժնի պետ Լուսինե Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրության ընթացքում վիճակագիրները մի շատ հետաքրքիր փաստ են արձանագրել. եթե տարիներ առաջ վատ ապրող հայաստանցիներն իրենց եկամուտները գրեթե բացառապես ծախսում էին սնունդ գնելու վրա, ապա այսօր կյանքը փոխվել է, փոխվել են նաև մարդկանց կարիքները, անգամ աղքատ համարվող մարդն այսօր իր եկամտի մի զգալի մասը ծախսում է, օրինակ, ինտերնետի, բջջային հեռախոս ունենալու ու ժամանակակից այլ պահանջմունքների վրա։

«Այսինքն, եթե մի քիչ սուր ասենք` եթե անգամ հացի փող էլ չի ունենում, ինտերնետը, հեռախոսի վարձը անպայման մուծում է։ Սա իրենց կենցաղում ուրույն տեղ է զբաղեցնում»,– ասաց տիկին Մարկոսյանը։

Ասվածն, իհարկե, չի վերաբերում է Հայաստանի ամենաաղքատ խավին կամ պարենային աղքատներին։ Ի տարբերություն աղքատության ավելի վերին շերտերի` այս մարդիկ իրենց ստացած ողջ եկամուտն ուղղում են բացառապես սնունդ ձեռք բերելուն։

Ծայրահեղ կամ պարենային աղքատները, ինչպես արդեն նշեցինք, պաշտոնական վիճակագրության համաձայն` ՀՀ բնակչության 0.7 տոկոսն են։ Դրանք այն մարդիկ են, որոնց ամսական եկամուտը 2020թ–ին չի գերազանցել 23 828 դրամը, իսկ 2019-ին` 23 763–ը։ Հետաքրքրական է, որ պարենային աղքատներն ավելի շատ են գյուղական բնակավայրերում են ու կազմում են գյուղական բնակչության 1.2 տոկոսը այն դեպքում, երբ քաղաքներում նրանք 0.4 տոկոս են, մայրաքաղաք Երևանում` 0.2 տոկոս։

Աղքատության ընդհանրական ցուցանիշով ևս առաջատարը գյուղական համայնքներն են. աղքատների 51.1 տոկոսն ապրում է գյուղում, 48.9 տոկոսը` քաղաքներում, որից 21-ը Երևանում են, 27.9–ը` այլ քաղաքներում։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am