
Հայաստանի տարածքի վրա ձևավորված հզոր անտիցիկլոնը դարձել է իսկական չարիք Արարատյան դաշտի և նրան հարող նախալեռնային գոտիների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Նախ նա ստեղծել է օդային պատնեշ, որը արգելափակում է արևմուտքից տեղումնաբեր ցիկլոնների մուտքը դեպի Հայաստան և արդեն 20-րդ օրն է ինչ Արարատյան դաշտը և նրան հարող նախալեռնային գոտիները գտնվում են խիտ մառախուղի և լճացած սառը օդային զանգվածների մեջ»,- նշում է Սուրենյանը:
Ըստ նրա` քանի որ առաջիկա 5 օրերին այդ արգելափակող անտիցիկլոնի ուժը չի թուլանալու, հետևաբար եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ չեն սպասվում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Երևանում մառախուղը կպահապանվի, մառախուղից կտեղա նաև թույլ ձյուն, իսկ մյուս շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածություն և առանց տեղումների եղանակ: