Վերջին շաբաթներին նկատվում է վիրուսային հիվանդությունների աճ, և լաբորատոր ախտորոշմամբ հաստատվում է A տիպի գրիպի H3 տեսակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թոքաբան Նունե Ազիզյանը:
«Այն ունի ևս ծանր ընթացք, ուղեկցվում է բարձր ջերմությամբ և բարդանում, հատկապես, քրոնիկական հիվանդություններ ունեցող բուժառուների և երեխաների մոտ:
Վիրուսային հիվանդության առաջին ախտանշանների դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժմամբ՝ հատկապես անհիմն հակաբիոտիկ ընդունելով:
Գրիպը վիրուսային հիվանդություն է, և հակաբիոտիկները նշանակվում են 5-7 օրը՝ բարդացման ախտորոշումից հետո», – գրել է մասնագետը:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Հայաստանում COVID-19-ով հիվանդացությունը նկատելիորեն նվազել է, սակայն միեւնույն ժամանակ սկսել են գրանցվել սեզոնային գրիպով վարակման դեպքեր, այդ թվում՝ բավական ծանր։ Ըստ մասնագետների՝ այսօր երկրում շրջանառվում է գրիպի «A» տեսակը։
Գրիպի եւ կորոնավիրուսային վարակի ախտանիշները շատ նման են, եւ ճիշտ ախտորոշում հնարավոր է միայն լաբորատոր հետազոտություններից հետո: