Ամերիկացին գրադարան է վերադարձրել գիրք, որը վերցվել էր 100 տարի առաջ: Այդ մասին հաղորդում է San Francisco Chronicle թերթը:
Ֆրենսիս Հոփքինս Սմիթի կարճ պատմությունների «40 րոպես անց» խորագրով ժողովածուն գրադարանից վերցրել է Ուեբ Ջոնսոնի տատիկի մայրը` 1917 թվականին:
Ջոնսոնը պարզաբանել է, որ իր տատիկի մայրը մահացել է մեկ շաբաթ առաջ այն պահից, երբ լրանում էր գրքի վերադարձի ժամկետը: Նա նշել է, որ գրադարանի գիրքը հայտնաբերել է 1996 թվականին, բայց այն գրադարան չի տարել, քանի որ գտնում էր, թե այսքան տարի անց գիրքն անցել է ընտանիքին: Գիրքը վերադարձնելով գրադարանի աշխատակիցներին` Ջոնսոնը միայն խորը շունչ է քաշել: Նա ընդունել է, որ ավելի քան 20 տարի դիտմամբ չի վերադարձրել ժողովածուն գրադարանին:
Գրադարանը ժամկետանց վերադարձի համար տուգանք չի պահանջել, քանի որ այժմ անցկացնում է գրքերի վերադարձման հատուկ ակցիա: