«Փաշինյանի ասուլիսից հետո նրա ու Արցախի նախագահի միջև անջրպետ է առաջացել». Սուրենյանց. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Փաշինյանի ասուլիսից հետո նրա ու Արցախի նախագահի միջև անջրպետ է առաջացել». Սուրենյանց. armeniasputnik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրում էին սադրիչ բնույթ, որովհետև նա շատ լավ կանխատեսում էր, թե ինչպիսի արձագանք են դրանք ստանալու Արցախում, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իսկապես ԼՂՀ–ի միջազգային ճանաչման հարցում Հայաստանն այսօր չունի դաշնակիցներ, ինչն ակնհայտ տեսանելի է ու բոլորի համար հասկանալի։ Այլ խնդիր է, որ այդ թեզը հիմնավորելու համար Փաշինյանը գեներացրեց տեսակետներ, որոնք պոպուլյար են Բաքվում և առնչվում են ադրբեջանցի փախստականների վերադարձին և ինքնորոշման իրավունքի կամայական մեկնաբանությանը։ Փաշինյանն ըստ էության ապացուցեց, որ նույնիսկ իր վարչապետության չորրորդ տարում չի յուրացրել Ղարաբաղյան հակամարտության էությունը»,– ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով Արցախից հնչած արձագանքներին ու գնահատականներին` Սուրենյանցն ընդգծեց, որ դրանք նույնպես կապ չունեն իրական օրակարգի հետ, որովհետև այս պահին բանակցային գործընթացում ակնհայտորեն Արցախի կարգավիճակի կամ կորսված տարածքների դեօկուպացիայի հետ կապված հարցերն ակտուալ չեն։ Ըստ նրա` միջնորդներն այժմ կենտրոնացած են հումանիտար ու անվտանգային խնդիրների վրա։

«Այդուհանդերձ այս գեներացիան Փաշինյանը և գուցե նաև արտաքին որոշ խաղացողներ բավականին մտածված արեցին, ինչի հետևանքով փաստորեն ստացվում է, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվանում է Արցախի ճակատագրից և արցախյան խնդիրը կամ նրա ենթադրյալ կարգավիճակի հարցը թողնում է ռուս–ադրբեջանական համաձայնությունների տիրույթում»,– ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի դիտարկմամբ` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կամ արցախյան էլիտայի ընդվզումը չեն կարող հանգեցնել 1998 թվականի սցենարի կրկնությանը, քանի որ Արցախը հետպատերազմական իրականության մեջ չունի սուբյեկտայնություն, և նրա դժգոհությունը չի կարող ազդել ո՛չ Հայաստանի ներքաղաքական կյանքի, ո՛չ էլ ղարաբաղյան խնդրի շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացի վրա։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր