Հայազգի 14-ամյա գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել: Նման բան նախկինում նույնիսկ տղամարդկանց գեղասահքում չէր կատարվել:
14-ամյա մարզուհին, որն առաջին անգամ է մասնակցել մեծահասակների մրցաշարին, երկու ծրագրերի արդյունքով վաստակել է 233,97 միավոր և շատ չնչին տարբերությամբ է ետ մնացել երրորդ մրցանակակիր Աննա Շչերբակովայից:
Ադելյա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության ցուցադրական ելույթների ժամանակ ազատ ծրագրում ներկայացել է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո.
«Ես հայրական կողմից հայ եմ: Վերջերս Հայաստանը պատերազմում պարտվեց Ադրբեջանին, ինչի արդյունքում Արցախն անցավ Ադրբեջանին: Շատ եմ ցանկանում իմ կատարումներով ոգևորել իմ ազգին, ու շատ եմ ցանկանում, որ Արցախը վերադարձվի Հայաստանին:
Ինքս, ցավոք, չեմ եղել Արցախում, բայց սառույցի վրա ցանկանում եմ հաղթանակ տանել՝ հանուն իմ ազգի: Վերջերս նաև իմ հայ տատիկը մահացավ: Այնպես որ, ինձ համար սա շատ կարևոր է»,- իր ելույթից հետո ասել է Պետրոսյանը: