Հայ գիտնականները բավական ակտիվ ուսումնասիրում են Շումերական քաղաքակրթության ժառանգությունն ու դրա կապը Հին Հայաստանի հետ։ Եվ հաճախ բավական հետաքրքիր բացահայտումներ են անում։
Նշենք, որ մինչ օրս հայոց լեզվում առկա բառերի մոտ 70 տոկոսի ծագումն անհայտ է։ Շումերագետ Արմեն Դավթյանը պարզել է, որ հենց այդ բառերի մի մասը, որոնց վերաբերյալ գիտությունը ենթադրություններ էր անում, թե դրանք հնդեվրոպական են, մենք գտնում ենք շումերերենում։ Լեզվաբանները հայերենը համարում են հնդեվրոպական լեզվաընտանիքի հատուկ խմբի պատկանող լեզու, որում այլ կենդանի լեզուներ չեն պահպանվել։
2003-2012 թվականներին Օքլենդի համալսարանից (Նոր Զելանդիա) Ռասել Գրեյի և Քվենտին Աթկինսոնի կողմից իրականացրած լեզվաժամանակագրական ուսումնասիրությունների համաձայն` նախահայերենը մ.թ.ա. 7300 թ. առաջացել է Հայկական լեռնաշխարհի և Անատոլիայի հարակից շրջանների տարածքում։
Այս տարեթիվը գրեթե համընկնում է Արևմտյան Հայաստանում` Չայոնյուում (Դիարբեքիրից 40 կմ դեպի հյուսիս–արևմուտք), հնագետների ստացած տարեթվի հետ, դա մ.թ.ա. 72-73 դարի սահմանագծին է։
Բացի այդ, այս տարեթիվը շատ մոտ է գենետիկների տվյալներին, նրանք հայկական գենոտիպի առկայությունն արձանագրում են արդեն 8 հազար տարի առաջ, այսինքն մ.թ.ա. շուրջ 6000 թ.։ ԶԼՄ–ներում նույնիսկ զարմանք էին արտահայտում առ այն, որ հայուհիները մինչ օրս պահպանել են իրենց գենոտիպը գրեթե առանց փոփոխության։ Լեզվաբանների նշած տարեթվից շեղումը հազար տարվանից մի քիչ ավել տարբերությամբ կապված է նրա հետ, որ գիտությունը դեռ չի հայտնաբերել գենոտիպի ի հայտ գալու սկիզբը։ Փոխարենը այն միանշանակ պարզել է, որ 4 հազար տարի առաջ այդ գենոտիպը Հայկական լեռնաշխարհի շրջանում արդեն գրեթե համատարած տարածում ուներ։
Պալեոգենետիկան նույնպես ցույց է տվել, որ հայերի էթնոգենեզն ավարտվել է մ.թ.ա. 1200 թվականից շատ առաջ։ Դա տեղի է ունեցել Արևելյան Միջերկրածովում բրոնզի դարի քաղաքակրթության անկումից հազարավոր տարիներ առաջ, մ.թ.ա. 2000 և 3000 թվականների միջև, Մերձավոր Արևելքում նոր քաղաքակրթությունների առաջացման ժամանակ։ Սա նշանակում է, որ ոչ միայն Խեթական կայսրության նախաուրարտական, այլև ավելի վաղ՝ Արատտայի թագավորության ժամանակ, Շենգավիթում, Մեծամորում, Լճաշենում, ինչպես և Հայկական լեռնաշխարհի հին բնակավայրերի մեծ մասում բնակվող ժողովուրդը արդեն գոյություն ուներ որպես ազգ և խոսում էր հայերենի հնագույն տարբերակով։
Բայց քանի որ մենք չունենք այդ ժամանակաշրջանի սեփական պահպանված և վերծանած գրավոր աղբյուրներ, այդ բացը կարելի է լրացնել միայն այլ ժողովուրդների` նախևառաջ հարևան Միջագետքում բնակվող ժողովուրդների աղբյուրներից ստացած տեղեկություններով։
Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը
Շումերերենի գենետիկ կապերը ևս պարզ չեն, այն մեռած լեզու էր արդեն մ.թ.ա. II հազարամյակի սկզբին։ Լեզվաբաններն այն ոչ սեմական են համարում, ի տարբերություն մ.թ.ա. III հազարամյակի կեսերին նրան փոխարինելու եկած աքքադերենի կամ ասորա–բաբելոներենի։ Մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է գտնվել շումերների նախահայրենիքը, այդ իսկ պատճառով հայտնի չէ նաև, թե որտեղ պետք է փնտրել նրանց բարեկամ լեզուները, ինչի պատճառով բազմաթիվ միմյանց բացառող և քիչ հիմնավորված վարկածներ գոյություն ունեն։
Արմեն Դավթյանը հայտնաբերել է, որ հայերենում և շումերերենում ավելի քան 2000 բառ նույն իմաստն են արտահայտում։ Ընդ որում, հայերենում բառերի 70 տոկոսի ծագումը դեռ հայտնի չէ, որոշ շումերական սեպագրերում տեքստի մինչև 80 տոկոսը կարելի է հայերեն ընթերցել։ Հատկապես սա վերաբերում է հողագործության հետ կապված տեքստերին։ 2000 բառը հայերենում առկա բառերի ընդհանուր թվի շուրջ 2 տոկոսն է։ Հավանաբար, դա նրա ամենահին շերտերից մեկն է։ Ընդ որում, շումերերենը նմանություն ունի ոչ միայն հին հայերենի, այլև ժամանակակից հայերենի հետ։
Դավթյանը պնդում է, որ հայ ազգաբանների կողմից 20-րդ դարում տարբեր մարզերի գյուղերում արձանագրված բառերի հսկայական մասը, այսինքն արդեն խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում, որքան էլ զարմանալի է, կարելի է հայտնաբերել հին շումերերենում։ Օրինակ` բահ, սոխ, անասուն, աթոռ, հաց և մի շարք այլ բառեր բավական նման են շումերերեն բառերին, ընդ որում ինչպես իմաստով, այնպես էլ՝ հնչողությամբ։ Մինչ օրս հստակ հայտնի չէ հայկական «հաց» բառի ծագումնաբանությունը, իսկ շումերերեն այն հնչում է որպես «աց»։
Նույնանման բառեր կան ոչ միայն հողագործության, այլև այլ ոլորտներում, սկսած ռազմականից, օրինակ` զենք, թուր, տեգ, մինչև աստղագիտական տերմիններ։ Օրինակ, «մոլորակ» բառը ամբողջ աշխարհում միայն հայերի և շումերների մոտ է, որ ունի «մոլ» արմատը, հայերեն «մոլորակը» նույն արմատով ավելի նոր ձև է։
Արմեն Դավթյանն այժմ աշխատում է հայ–շումերերեն բառարանի ստեղծման վրա։ Երբ այն պատրաստ լինի, բոլորը կկարողանան տեսնել նմանօրինակ բառերի ընդհանուր թիվը։
Ինչպես են ժայռապատկերները գիր դարձել
Տարբեր շումերական գաղափարագրերի վերլուծության հիման վրա հեղինակը գործնականում ապացուցում է, որ դրանք այսօր էլ հնարավոր է ընթերցել հայերեն։ Նույն արմատներ ունենալու մասին վկայում են ինչպես նաև մեզ հասած գաղափարագրերի ձայնավորումը, այնպես էլ Հայաստանի տարածքում հայտնաբերված ժայռապատկերները։
Ինչ վերաբերում է շումերական գաղափարագրերին, ինչպես նաև խեթական գրություններին, ապա դրանք այսօր ոչ միայն կարդում են (վերծանում են) հայերեն, այլև Հայաստանում ժամանակակից գտածոների շնորհիվ ապացույցներ են գտնում այդ ընթերցումների իսկության վերաբերյալ։ Այսպես, օրինակ, Արմեն Դավթյանը ցույց է տալիս, որ սովորական տեսքն ընդունելուց առաջ շումերական գաղափարագրերը ամփոփված են եղել Հայաստանի ժայռապատկերներում։
Համլետ Մարտիրոսյանը նույնպես զբաղվում է մ.թ.ա. 50-30 հազարամյակով (պալեոլիթ) թվագրվող, սակայն կլիմայի փոփոխության պատճառով 13 հազարամյակ կանգ առած (քանի որ այն ժամանակ ցրտերի պատճառով բարձրլեռնային վայրերում բնակիչներ չեն եղել) և մ.թ.ա. 17-րդ հազարամյակում դարձյալ շարունակվող (մինչև նեոլիթի դարաշրջան և բրոնզի դար) ժայռապատկերներով։
Նա պարզել է նաև, որ հենց այս ավանդույթի հիման վրա է առաջացել գիրը։ Այսինքն այն տեղափոխվել է Միջագետք, որտեղ մոտավորապես 6 հազար տարի առաջ սկզբնական շրջանում 5 դար օգտագործվել է որպես գաղափարագիր։ Այնուհետև մոտ մ.թ.ա. 3500 թվականին դրա հիման վրա ստեղծվել է շումերական սեպագիրը, որն ավելի ուշ հիմք է դարձել այլ ժողովուրդների սեպագիր համակարգերի մեծ մասի համար, ինչպես օրինակ` ուրարտական, ասորական և պարսկական սեպագրերն են։
Այլ ազգության մասնագետները, որպես կանոն, բավական թերահավատորեն են վերաբերվում նմանօրինակ մեկնաբանություններին։ Դա կապված է նրա հետ, որ այսօր աշխարհում բավական տարածված են այս թեմայով շահարկումները։ Բոլորը, նույնիսկ ոչ մասնագետները, փորձում են իրենց լեզվով ընթերցել դեռ չվերծանած գրերը` սկսած Կրետե կղզում հայտնաբերած Ֆեստի սկավառակից մինչև Ֆրանսիայում գտնվող Գլոզելյան աղյուսակներ։
Սակայն պետք է հաշվի առնել, որ մեծ տարբերություն կա։ Նախ` մեր գիտնականներն իրենց եզրահանգումները բավական հիմնավոր են ներկայացնում և առանց չափազանցությունների։ Կենդանի լեզվի պարագայում, լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք կարող է այն հեշտությամբ ստուգել։ Երկրորդը` Շումերական քաղաքակրթության նախապատմության վերաբերյալ համաշխարհային պատմության և հնագիտության մեջ բավական լուրջ նոր բացահայտումներ կան, որոնց մասին արժե պատմել առանձին և ավելի մանրամասն։
Փաստորեն հայոց լեզուն, իր հնության շնորհիվ, մեր նախնիների կողքին հազարամյակներով բնակվող շումերների լեզվից մի ամբողջական մնացուկային շերտ է պահպանել։
Մեր դարում, երբ տեղեկությունը բավական հասանելի է, այս զարմանալի բացահայտումից շուտով կկարողանան օգտվել նաև մյուս երկրների շումերագետները։ Եվ այդ ժամանակ ակնհայտ է, որ պատմաբանների գիտելիքները կարող են համալրվել և ավելի հետաքրքիր գիտելիքներով հագենալ նաև բրոնզի դարի Հայաստանի մասին, այն ժամանակաշրջանի, որից հայկական գրավոր աղբյուրներ մեզ չեն հասել։
Եվ երբ նրանք յուրացնեն հայերենը, կհայտնաբերեն, որ շումերերենն ավելի հեշտ է սկսել ընկալվել և ամբողջական հատվածներ, որոնք առաջին հայացքից անհասկանալի բառերի տեսք ունեն և տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս, ավելի հասկանալի և իմաստավորված կդառնան։