Ավստրալիացի գիտնականները որոշել են յուրօրինակ մոտեցում ցուցաբերել միջատների նոր տեսակների անվանակոչման հարցում։
Ավստրալիայի գիտական և կիրառական հետազոտությունների պետական միավորումը (CSIRO) հրապարակել է վերջերս անվանակոչված նոր բուսատեսակների և կենդանատեսակների ամենամյա ցանկը (այդ թվում՝ ձկների, թռչունների, միջատների)։
Ինչպես գրում է BBC-ն՝ հղում կատարելով Austral Entomolgy ամսագրին, ճանճերի որոշ տեսակներ ստացել են Մարվելի հերոսների անունները։ Այսպես՝ Daptolestes Lee-ին անվանել են Մարվել հրատարակչության նախկին տնօրեն, բաժնետերերի խորհրդի նախագահ և մի շարք կոմիքսների հեղինակ Ստեն Լիի պատվին։
Ըստ հետազոտողների նմանության պատճառը միջատին բնորոշ սպիտակ բեղիկներն ու մուգ ակնոց հիշեցնող աչքերն են։ Դեդփուլ ճանճը մեջքին ունի նշաններ, որոնք շատ նման են դիմակի, նրա համար ընտրվել է Humorolethalis sergius անունը, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «մահացու ծիծաղելի»։
Թոր անունով աստվածը, ում դերակատարը ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորտն է, այժմ ևս ունի ներկայացուցիչ միջատի տեսքով՝ Deptolestes bronteflavus-ը (սպիտակափայլ կայծակ)։
Սկանդինավյան միֆալոգիայից հայտնի խաբեության և խորամանկության աստված Լոկիի պատվին ճանճին անվանել են Daptolestes illusiolautus:
Մեկ այլ տեսակին, Սև Այրու պատվին, անվանել են Deptolestes feminategus, ինչը բառացի նշանակում է «կին, ով մաշկ է կրում»։
Մեղուների և կրետների մասնագետ Խուանիտա Ռոդրիգեսը նշել է, որ նոր տեսակների անվանումները որոշելը ոչ միայն հետաքրքիր է, այլև ծայրաստիճան կարևոր, քանի որ օգնում է հասկանալ կենդանիների միջև եղած տարբերությունները, ինչը հատուկ դեպքերում կարող է փրկել թե՛ նրանց, թե՛ մեր կյանքը: Ռոդրիգեսը նաև հավելել է, որ նրանք հայտնաբերել են սարդ-կրետի նոր տեսակ, որն ապրում է անտառային հրդեհների հետևանքով վնասված տարածքներում, ուստի այժմ մասնագետները կարող են ուշադիր հետևել վերջինիս վերականգնման գործընթացին: Բացի այդ, սարդ-կրետների կողմից արտադրված թույնը կարող է օգտակար լինել Ալցհայմերի հիվանդության և էպիլեպսիայի բուժման մեջ: Կենդանական թագավորության ներկայացուցիչներին առաջին անգամը չէ, որ տալիս են կինոհերոսների կամ պարզապես հայտնի մարդկանց անուններ: Օրինակ ՝ վերջերս Հնդկաստանի հյուսիսում հայտնաբերվել է օձերի մինչ այդ անհայտ տեսակ, որն անվանել են Trimeresurus salazar՝ «Հարրի Փոթեր»-ի հերոսներից մեկի՝ Սալազար Սլիզերինի (Salazar Slytherin) պատվին։