«Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- սա հատված է Նիկոլ Փաշինյանի՝ 2015 թվականի հայտնի «պադավատապետություն» ելույթից։ Այն ժամանակ ընդդիմադիր պատգամավորը հստակ մոտեցում ուներ, թե ինչպիսին պետք է լինի պաշտոնյան, ինչ առավելություններ պետք է ունենա, քանի մեքենա պետք է ունենա։
Ծառայողական մեքենաների թեմային ըստ էության եւ կոնկրետ փաստերով անդրադառնալու նկատառումով ArmDaily.am-ը ներկայացնում է «Պադավատապետություն» շարքը, որի շրջանակում մենք տարբեր պետական կառույցներից պարզել ենք, թե նախարարները քանի ծառայողական մեքենա ունեն, ինչ մակնիշի է և վերջին 5 տարվա ընթացքում քանիսն են ձեռք բերել։
Շարքի այսօրվա հերոսը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է։
Նախարարին տրամադրված է մեկ ծառայողական ավտոմեքենա՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի 004LL55 պետհամարանիշով։ Ավտոմեքենան ՏԿԵ նախարարությանը ամրացվել է ՀՀ կառավարության 24 հունիսի 2021 թվականի N 1006-Ա որոշմամբ։
Վերջին 5 տարիների ընթացքում պետական բյուջեի միջոցներով նախարարությունն ավտոմեքենա ձեռք չի բերել։