Լեհաստանի դեսպանը խոսել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հնարավորության մասին
Advertisement 1000 x 90

Լեհաստանի դեսպանը խոսել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հնարավորության մասին

Հայաստանի և Եվրամիության երկրների միջև վիզաների ազատականացման շուրջ հանդիպումները և քննարկումները Եվրամիության տարբեր անդամ պետությունների հետ շարունակվում են՝ մասնավորապես ոստիկանության, միգրացիոն ծառայությունների մակարդակով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Մեդիա կենտրոնում հայտնել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի շրջանակներում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հնարավորությանը:

Լեհաստանի դեսպանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացումը հնարավոր է՝ ինչպես եղավ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում, սակայն ժամկետների մասին խոսելն առայժմ վաղ է:

Այդ համատեքստում նա շեշտեց՝ Լեհաստանը միանշանակորեն կողմ է վիզաների ազատականացմանը:

«Այդուհանդերձ, դա Եվրամիության բոլոր անդամ պետությունների միասնական որոշումը պետք է լինի: Ներկա պահին, իհարկե, Հայաստանում հավատարմագրված որևէ դեսպան չի կարող նման խոստում տալ, և ժամկետների մասին խոսելն անհնար է: Ասեմ, որ երկու տարի առաջ վիզաների ազատականացում եղավ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիների համար, ինչը հնարավոր է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարագայում, սակայն ժամկետների մասին խոսելն անհնար է, քանի որ սա շատ նուրբ հարց է», – հավելեց Լեհաստանի դեսպանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի կառավարությունը հաջողության կհասնի այդ հարցում:



Նման նյութեր