Հայաստանում 2021 թվականին կառուցվել է 750 կմ ճանապարհ
Advertisement 1000 x 90

Հայաստանում 2021 թվականին կառուցվել է 750 կմ ճանապարհ

2021 թվականը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար բարդ ու կարևոր տարի էր:

Կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ տարին առանձնանում էր մի շարք չնախատեսված աշխատանքներով. մի շարք ճանապարհներ են կառուցվել, որոնք նախատեսված չէին:

«Եթե ընդհանուր պատկերը տանք հիմնանորոգումների, միջին նորոգումների այլ նշանակության ճանապարհների մասով, ապա պատկերը հետևյալն է: Ընթացիկ տարում 572 կմ ճանապարհ է կառուցվել, որը բավական լավ ցուցանիշ է: Մյուս կողմից, եթե մենք միավորենք սուբվենցիոն ծրագրերով իրականացրած աշխատանքները, այնտեղ նույնպես ունենք ասֆալտապատման և սալիկապատման գործընթաց, ապա բոլորը միասին կունենանք 750 կմ»,-ասաց Գնել Սանոսյանը:

Նախարարը նկատեց, որ կառավարության կողմից նախանշվող ծրագրերը բերում են նրան, որ շինարարական ընկերությունները բավական լավ սկսում են իրենց հզորություններն ու կարողությունները մեծացնել:

«Նույն Տաթև-Լծեն ճանապարհի մասին խոսում էինք: Այն ընդհանուր 20 կմ երկարություն ունի, որից 13 կմ-ի հողային աշխատանքներն ավարտվել են: Ուզում եմ նշել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ ճանապարհաշինարարական ծրագիրն է: Մենք լեռնային բարդ պայմաններում 20 կմ ամբողջովին նոր ճանապարհ ենք կառուցում: Այս տարին կառանձնանա նրանով, որ սովորաբար 4-5 ամիս շինարարները գնում են հանգստի, սակայն 7-8 վայրում աշխատանքները չեն դադարի: Այդ հատվածները հիմնականում Սյունիքում են»,-ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հետևողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող այս փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ:

«Ուզում եմ դիմել մեր իրավապահներին, ոչ մի այդպիսի հրապարակում անպատասխան չթողնել: Փորձում են տպավորություն ստեղծել, թե ասֆալտի գործ ենք անում, չի հաջողվի: Ասեմ, որ նախկին իշխանությունների ընտանիքներին պատկանող ընկերություններ են հաղթում մրցույթն ու աշխատում են»,-ասաց ՀՀ վարչապետը:

 



Նման նյութեր