Բեմից դուրս այս կոմպոզիտորի տարերքն արագությունն է` հատկապես ավտոռալլին: 2003թ. «Ադվեն տուր» ակումբի նախաձեռնությամբ Հայաստանում կայացած «Մետաքսե ճանապարհ» միջազգային ավտոմրցարշավում Արա Գևորգյանը գրավեց առաջին տեղը, իհարկե, «սիրողական կարգում»: «Ես՝ երաժիշտ, ինձ հետ մասնակցող շտուրմանը` «Երգի և պարի անսամբլի» պարող, և միջազգային մրցարշավում մենք գրավում ենք առաջին տեղը»,- կարծես ինքն էլ զարմանալով՝ ասում է Արա Գևորգյանը:
Նրան կարելի է ռեկորդակիր համարել նաև աշխարհի շատ երկրների սիմֆոնիկ նվագախմբերի քանակով, որոնց հետ նա աշխատել է։
Նրա որդին՝ փոքրիկ Դավիթիկը, ևս սիրում է զարմացնել բոլորին, հատկապես հորը. «Երբ փորձեր էինք անում, նա անընդհատ մեր կողքին էր: Ընդմիջումների ժամանակ սիրում էր խաղալ հարվածային գործիքների հետ: Ասում էի.«Հեռու գնա, մի խանգարի»: Ես երբեք նրա ձեռքից չեմ բռնել ու սովորեցրել, թե ինչպես է պետք պահել հարվածային գործիքի փայտիկները, ինչպես է պետք հարվածել… Նա միայն նայում էր: Մեկ էլ հանկարծ մի օր, երբ ընդմիջում արեցինք փորձից հետո, մոտեցավ հարվածային գործիքներին, լավ տեղավորվեց ու շշմեցրեց բոլորիս: Նա հրաշալի երաժիշտ է լինելու. միայն տեսնելով՝ այդքան ճիշտ նվագել կարողանալն ինձ համար շշմեցուցիչ էր: Այժմ երբեմն մեզ հետ նվագում է:
Վերջերս Արա Գևորգյանը աննախադեպ հրավեր էր ստացել Մոսկվայից` «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից` մասնակցելու Մոսկվայի 860-ամյակին նվիրված համերգին, բայց… «Այնպես եմ ափսոսում, որ դա չի ստացվել իմ պատճառով: Մենք քնեցինք ու մնացինք քնած: Հրավերը ֆանտաստիկ էր` այն պետք է տեղի ունենար «Պոկլոննայա գոռայում», հիսուն հազար հանդիսատեսի համար, բեմում ինձ հետ լինելու էին Անաստասիա Վոլոչկովան, Անիտա Ցոյը… Համերգը կոչվելու էր «Մոսկվան ինտերնացիոնալ քաղաք է»: Իմ հեղինակային համերգն էր լինելու, որի ժամանակ տարբեր երկրներից ես պետք է երաժիշտների բերեի: Ափսոս, դա տեղի չունեցավ, հետաձգվեց, քանի որ մենք ուշացրինք պատասխանը: Մեզ ասացին, որ «Պոկլոննայա գոռան» արդեն զբաղված է: Ասում են, որ հետաձգվել է, բայց կարծում եմ՝ իրականում այն այլևս չի լինի, որովհետև մենք ուշացանք: Իսկ Մոսկվայի 860-ամյակին նվիրված նմանատիպ մեծ համերգ կազմակերպելը խաղ ու պար չէ»,- ափսոսանքով պատմում է Արա Գևորգյանը՝ ցույց տալով այդ համերգի հրավերը։
– Իսկ ինչո՞ւ բաց թողեցիք նման հնարավորությունը:
– Զբաղվածությունն ու մեր ճիշտ չկողմնորոշվելն էր պատճառը: Այդ ձգձգման պատճառը երևի նաև այն էր, որ ես զանգահարում էի աշխարհի տարբեր երկրներում գտնվող այն երաժիշտներին, ում հետ համագործակցել եմ: Իրենց գտնելը չափազանց դժվար էր, բոլորին միանգամից մի օր ու մի վայրում հավաքելը՝ ավելի դժվար: Անընդհատ ձգձգվում էր, և արդեն ամոթ էր, պետք էր պատասխան տալ Մոսկվայի հրավերին: Երբ մենք պատրաստ էինք մեկնելու և պատասխան նամակ ուղարկեցինք՝ պարզվեց, որ տեղն արդեն զբաղեցված է, և, փաստորեն, «մեր գնացքն ուշացավ»: Բայց մեր տխրությունը երկար չտևեց, որովհետև անմիջապես հետո մեկ այլ ֆանտաստիկ հրավեր ստացանք։ Հյուրախաղերը տևելու են 10-12 շաբաթ, պիտի ճամփորդենք 8-12 երկիր: Բացի այդ, եկող տարի ապրիլին Բրազիլիայում և Արգենտինայում ցեղասպանությանը նվիրված համերգ եմ ունենալու: Այնպես որ, շուտով կկայանա այն, ինչ ես միշտ երազել էի` համերգային շրջագայություն, հիմա բանակցություններ են գնում: Սկսում ենք Ավստրալիայից, այնուհետև՝ Լիբանան, Սիրիա, Ֆրանսիա, Կանադա, Ամերիկա, Արգենտինա, Բրազիլիա… Ասեմ, որ իմ բոլոր համերգները հրավերներ են, ես ոչինչ չեմ կազմակերպում: Իմ համերգները կազմակերպելը պարզապես բարդ է: Սրահը պետք է անպայման մեծ լինի, այն չի կարող լինել 700 կամ 1000 տեղանոց: Դա ձեռնտու չի կազմակերպիչներին։ Մեզ էլ ձեռնտու չի, որ բեմահարթակին ավելի շատ մարդ լինի, քան դահլիճում: Հետևաբար, իմ համերգները միշտ լինում են 3000 և ավելի տեղանոց սրահներում։ Օրինակ, Մարսելում 3500 տեղանոց դահլիճ էր, Լիոնում` 3000, վերջերս Կրեմլում տեղի ունեցած համերգը` 6000 տեղ` 2 օրով: Կրեմլի համերգն իրոք այն եզակի համերգներից էր, որն անցավ կազմակերպչական բարձր մակարդակով: Այն Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի համերգն էր` ի դեմս նախագահ Մեծո Իգիթյանի: Ոչինչ չէին խնայել, և կայացավ մի շքեղ համերգ, որի նմանը կյանքում չէի ունեցել: Շքեղ էր ու պրոֆեսիոնալ թե՛ նկարահանման, թե՛ ձայնային, թե՛ լուսային տեսակետից: Երբեմն համերգը կազմակերպված է լինում շատ լավ, բայց ձայնն իմ ուզածով չի լինում, կամ լույսն այն չի լինում, ինչպիսին որ պետք է լիներ, կամ երաժիշտներին են սխալ տեղ նստեցնում…
– Ասում են՝ մեր հայ երգիչներից շատերը սփյուռքում հարյուր հոգանոց ուրախությունների ժամանակ երգում են, հետո ասում, թե՝ մենահամերգ ունեցանք: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:
– Ընդհանրապես ասեմ, որ չեմ սիրում բամբասել: Ասեմ նաև, որ մեր հայ երգիչները դրսում հիմնականում ելույթ են ունենում փոքր դահլիճներում, որովհետև նրանց պահանջները շատ մեծ չեն: Կազմակերպչական առումով՝ նրանց համերգները լինում են շատ ավելի հեշտ, որովհետև երաժիշտները փոքրաքանակ են` 7-10 հոգի: Իսկ ես միայն բեմահարթակի վրա հանդես եմ գալիս 60 հոգով, այդ 60 հոգուն ավելանում է 60 միկրոֆոն, լուսային ու ձայնային ամբողջ համակարգը, դեկորներ, պատվանդաններ: Համենայնդեպս, սփյուռքում շատ եմ լսել, որ ասում են՝ այսինչ երգիչը եկավ, համերգ ունեցավ, և հանդիսատեսը շատ գոհ էր ու շնորհակալ: Կան նաև երգիչներ, որոնց համերգից ոչ ոք գոհ չի մնում, քանի որ նրանք իրենց չտեսի պես են դրսևորել: Այնպիսի բաներ են պատմում, որ անհարմար եմ գտնում նման երևույթներից խոսել: Պետք է հասկանալ շատ կարևոր մի կանոն` բեմահարթակը պահանջում է բարձրակարգ աշխատանք՝ մինչ համերգի սկիզբը: Իմ երաժիշտները կարող են վկայել, որ մինչ համերգը սկսելը, միայն դահլիճում, ես մի քանի կիլոմետր վազում եմ` բեմահարթակից՝ ձայնային ինժեների մոտ, այնտեղից՝ բեմ… Պատկերացրեք 3500 տեղանոց սրահի մեծությունը:
– Դուք ունեք հրաշալի ընտանիք, զբաղվում եք Ձեր սիրած գործով, ունեք ընկերներ, ովքեր Ձեզ այնքան են հարգում ու սիրում, որ տուն և մեքենա են նվիրում: Այդուհանդերձ, չիրականացած երազանք ունե՞ք:
– Իմ ամենաբաղձալի ցանկությունն ունի և՛ քաղաքական, և՛ մշակութային մեծ նշանակություն: 7 տարի չարչարվելով՝ ես ստեղծեցի մի երաժշտություն, որտեղ նվագում են հնդիկներ, չինացիներ, արաբներ, մոլդովացիներ, հույներ, իսպանացիներ, շոտլանդացիներ, աֆրիկացիներ, վենեսուելացիներ` յուրաքանչյուրն իր ազգային գործիքով: Այս նախագիծը կոչվում է՝ «Սիրեցեք զմիմիանս»: Վերջերս «Շարմ» ընկերությունն այդ երաժշտության համար անվճար նկարահանեց տեսահոլովակ, որն իմ 7 տարիների չարչարանքն էր: Ֆանտաստիկ աշխատանք է արված, որը ներկայացնում են և՛ «Շարմ» հոլդինգը, և՛ «Մետրո Գոլդուին Մայերը» և «Միրամաքսը»: Հզորությունը պատկերացրիք, չէ՞: Այն երկու մասից է բաղկացած: Առաջին մասը «Պրոքսի» ֆիրման է պատրաստել, որտեղ ցուցադրված է, թե ինչպես է նկարահանվել այդ տեսահոլովակը, ինչպես են տարբեր ազգերի ներկայացուցիչներն աշխատում ինձ հետ և հայտնում իրենց գոհունակությունը՝ նախագծի վերաբերյալ: Հիմա ուզում եմ այդ նախագծի համերգը կազմակերպել Երևանում: Ես շատ եմ ուզում՝ մեր հայրենիքից հնչի խաղաղության կոչը: Եվ այն ամենը, ինչը մենք կանենք բեմահարթակի վրա, կլինի ամենալավ խաղաղության կոչը՝ ուղղված ամբողջ աշխարհին: Մարդիկ կտեսնեն՝ ինչպես են տարբեր ազգի ներկայացուցիչներ, նույնիսկ իրար թշնամի ազգեր, կողք կողքի նստած նվագում նույն բեմում՝ յուրաքանչյուրն իր ազգային գործիքով, բայց բոլորը մի նպատակի համար` խաղաղության:
– Ասում են, խաղալիքների հավաքածու ունեք:
– Քանի որ շատերը գիտեին, որ ես սիրում եմ խաղալիքներ հավաքել, ճանաչում ձեռք բերելուց ի վեր յուրաքանչյուր համերգից հետո ինձ խաղալիքներ են նվիրում։ Խաղալիքների թիվն այնքան է շատացել, որ ես հատուկ սենյակ եմ տրամադրել նրանց: Իմ հսկայական հավաքածուի մեջ ոչ մի անիմաստ խաղալիք չկա, բոլորը կամ երգում են, կամ պարում, կամ խոսում… Եթե անգամ ոչ մի գործողություն էլ չանեն, միևնույն է, այնպիսի հրաշք դեմքի արտահայտություն ունեն, որ միայն նայելիս տրամադրությունդ բարձրանում է: Մեծ դժվարությամբ եմ բաժանվում նրանցից: Ամեն տարի հունիսի մեկին արկղերով խաղալիքներ եմ նվիրում մանկատներին:
– Ինչպե՞ս է Հայաստանի պայմաններում կոմպոզիտորը «պահում» իր տունը:
– 1999 թվականից սկսած՝ ոչ ոք չի կարող ասել, որ վճարել է Արա Գևորգյանին որևէ համերգի համար: Ես ամեն ինչ արել եմ անվճար, առանց որևէ ակնկալիքի: Ինչ սկսել եմ ամեն ինչ ձրի անել, սկսել եմ ավելի լավ ապրել: Իմ քաղաքականությունը շատ պարզ է. պահպանել մարդկային հարաբերություններ բոլոր այն մարդկանց հետ, որոնք ուզում են ինձ հետ աշխատել։ Ո՛չ բիզնեսի և ո՛չ էլ ֆինանսական դաշտի վրա ես չեմ կարող ընկերություն անել: Աշխատում եմ ինստիտուտում, որտեղ աշխատավարձս տալիս եմ կարիք ունեցող դասախոսներին: Ես վատ չեմ ապրում: Աստված շատ մեծ է: Ես կարող եմ բոլորին ապացուցել, որ երբ ես նեղության մեջ եմ ընկնում, ամենավերջին պահին էլ Աստված ինձ օգնում է: Մեկ էլ հանկարծ բոլորովին չսպասված տեղից փող եմ ստանում: Ախր, շատ անկապ տեղերից եմ փող ստանում ամենադժվարին պահերին:
– Կպատմե՞ք մի դեպք «անկապ» տեղից եկող փողի մասին:
– Ո՞ւմ հետ չի պատահում, որ իրենց տան փողը սկսում է պակասել: Մարդիկ կան, գնում են պարտք են անում։ Ես, փառք Աստծո, մինչ այսօր ոչ ոքից պարտքով փող չեմ վերցրել: Այն պահին, երբ տանը կոպեկ չկար, մեկ էլ հանկարծ՝ հեռախոսազանգ.«Արա ջան, Լիոնի ձայներիզները վաճառվել են, հիմա հոս եմ, դրամդ բերել եմ»: Այդ նույն զանգը կարող էր լինել մեկ ամիս կամ մեկ տարի հետո, բայց այն եղավ, երբ ես զգում էի այդ զանգի կարիքը: Դա ուրիշ ուժերի հետ է կապված: Իմ մեքենան ինձ նվիրել են, իմ տունն ինձ նվիրել են… Համերգներից հետո բոլորը փող են ստանում, բացի ինձնից: Փոխարենը՝ ես ստեղծում եմ մարդկային հարաբերություններ, որոնք շատ ավելին արժեն, քան որևէ գումար: Երբ ինձ հարցնում են՝ ինչքա՞ն գումար կուզես, որ Էրեբունի-Երևան տոնին մասնակցես, պատասխանում եմ՝ Երևանի տոնին նվագելու համար փող վերցնելը նման է, որ ես մորս ծննդյան օրը նվագեմ, հորիցս փող ուզեմ: Ինչպե՞ս կարելի է Երևանի ծնունդը նվագել ու փող ուզել: Ես դա չեմ հասկանում ու չեմ ընդունում: Ովքեր գումար են վերցնում, իրենց գործն է, բայց ես երբեք չեմ վերցնի: Երգում են մեր Երևանը, մեր երկիր, մենք սիրում ենք մեր երկիրը… Սերը փողով չեն երգում:
– Այդ երևույթը, որ օգնությունը կարծես ի վերուստ միշտ ժամանակին է հասնում, Դուք կապո՞ւմ եք Ձեր մոր` Վալյա Սամվելյանի հետ:
– Ես դա կապում եմ Աստծո հետ: Ես հավատում եմ, որ իմ մայրը կա: Ոչ միայն հավատում եմ, այլև համոզված եմ: Եվ դա լավ Է: Գիտե՞ք ինչու։ Որովհետև դա ձեռնտու է ինձ: Եթե ես կորցրել եմ Վալյա Սամվելյան անունով հրաշալի մայր ու իրեն կարոտում եմ անընդհատ, ես ինձ լավ եմ զգում այն մտքից, որ մի օր մորս տեսնելու եմ: Ես չեմ ուզում մտածել, որ նրա մահից հետո մենք այլևս չենք հանդիպելու: Ես տեսնելու եմ մորս: Եվ որևէ մեկը չի կարող ինձ հակառակն ապացուցել: Հանդերձյալ կյանքը նման է դեռ չծնված երեխայի: Նախքան ծնվելը ոչ ոք չի ասում՝ ա՛յ երեխա ջան, դու որ այդտեղից դուրս գաս, խմելու ես շամպայն, վարելու ես ջիպ, տեսնելու ես Էյֆելյան աշտարակը: Նույնն էլ հանդերձյալ կյանքն է. այնտեղից ոչ ոք չի եկել մեզ պատմելու, թե ինչ կա այնտեղ: Բայց ես գիտեմ, որ տեսնելու եմ իմ մայրիկին:
Քրիստինե Հակոբյան
«3 Միլիոն»