Էլեկտրոնային մակագրությունն այն սուրբ մակագրությունը չէ, իսկ ձեռքով մակագրությունն այն չարիքը չէ, որ փորձում են ներկայացնել. Բեքմեզյան, pastinfo.am
Advertisement 1000 x 90

Էլեկտրոնային մակագրությունն այն սուրբ մակագրությունը չէ, իսկ ձեռքով մակագրությունն այն չարիքը չէ, որ փորձում են ներկայացնել. Բեքմեզյան, pastinfo.am

Դատարաններում գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի առգրավման շուրջ առաջացած մտահոգությունների վերաբերյալ՝ դեռևս տարեմուտին ներկայացված դատավորների դիմումը քննարկվել է ԲԴԽ-ում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արդեն տևական ժամանակ է, ինչ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Վերաքննիչ քրեական և քաղաքացիական, ինչպես նաև՝ Սնանկության և Վարչական դատարաններում գործերի բաշխման էլեկտրոնային համակարգն առգրավվել է, ինչից հետո գործերը մակագրվում են դատարանների նախագահների կողմից՝ «ձեռքով»։ Նման եղանակով գործերի մակագրումը մտահոգություններ է առաջացրել մասնագիտական հանրությունում, փաստաբանական համայնքն արդեն իսկ ահազանգել է, որ քաղաքականապես զգայուն մի շարք գործերով դատարանների նախագահները գործերը մակագրում են, այսպես կոչված, իշխանությունների «սրտի» դատավորներին։ 2021թ դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ շուրջ մեկ տասնյակ դատավորներ ԲԴԽ գրություն են հասցեագրել՝ հայտնելով իրենց մտահոգությունները և հրապարակային տեղեկատվություն խնդրելով։ Դիմումը ստորագրած դատավորներն իրենց մտահոգությունն են հայտնում գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի առգրավված լինելու մասով՝ որպես դատարանների և դատավորների անկախությունն ու անաչառությունը ակնհայտորեն վտանգող քրեական հետապնդման մարմինների գործողություններ, անհամաչափ միջամտության և այն կանխելու ուղղությամբ ԲԴԽ կողմից Օրենքով և Սահմանադրությամբ նրան վերապահված գործիքակազմը չօգտագործելու, գործողություններին պատշաճ չարձագանքելու փաստի առթիվ, ինչը դատավորների տեսանկյունից հակադրվում է ԲԴԽ սահմանադրական առաքելությանն ու դերին: Գրությունը ստորագրել են դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը, Դավիթ Բալայանը, Անդրանիկ Մնացականյանը, Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին և Զարուհի Նախշքարյանը:

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դիմումը քննարկվել է, կպատասխանեն դատավորներին։

Անդրադառնալով նախագահների կողմից «ձեռքով» մակագրումներին՝ Գրիգոր Բեքմեզյանը ընդունեց, որ էլեկտրոնային մակագրությունն ավելի ճիշտ է և ցանկալի է ունենալ էլեկտրոնային մակագրություն, որը վստահաբար կվերականգնվի, իսկ թե երբ կվերականգնվի համակարգը՝ դեռևս ասել չի կարող։ Ըստ նրա՝ դեռևս ամառվանից ԲԴԽ-ն ակտիվ աշխատանքներ է իրականացնում՝ այդ ուղղությամբ, բայց արդյունք չկա։

«Հին ծրագիրն այս պահին չեն կարող գործարկել, այն ռիսկեր է պարունակում իր մեջ, մանավանդ՝ չգիտենք, թե քննությունն ինչ արդյունքների կհանգի և շատ հավանական է, որ ապացուցվի, որ իսկապես միջամտություն է եղել համակարգի նկատմամբ, ինչը ենթադրում է, որ ծրագրային ապահովումն ինքնին խոցելի է»,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ այդ իսկ պատճառով աշխատանքներ են իրականացվում՝ նոր դոնորների միջոցով նոր ծրագրի ստեղծման ուղղությամբ։ Բեքմեզյանը հույս հայտնեց, որ այս տարվա ընթացքում էական փոփոխություններ կլինեն այդ մասով, չի բացառվում, որ նախկին ծրագրում միջամտությունը ևս կհերքվի և կվերականգնվի համակարգը։ Նրա կարծիքով՝ այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող, պետք է վերականգնվի էլեկտրոնային մակագրությունը, քանի որ խնդիրը միայն ձեռքով մակագրության մեջ չէ, խնդիր կա դատական կազմերի ձևավորման մեջ, գործողություններ, որոնք պետք է կատարվեն էլեկտրոնային մակագրմամբ։

Իհարկե, ձեռքով մակագրելը համարում եմ օրինական, որովհետև օրենքն է այդպես նախատեսվում և օրենքով կարգավորված է այդ հարցը։ Որոշ շահագրգիռ սուբյեկտներ գտնում են, որ ձեռքով մակագրությունը ռիսկային է։ Կարող է և ռիսկային է, բայց մենք ունենք օրենք, օրենքը հստակ կարգավորում է և այդտեղ ոչ մի հակաօրինականություն չեմ տեսնում։ Մինչև 2010-2011թթ եղել է ձեռքով մակագրվում և չեմ կարծում, որ նույն մարդիկ, որոնք հիմա բողոքում են ձեռքով մակագրելուց՝ այն ժամանակ բողոքում էին ձեռքով մակագրելուց և կարող են, ինչ-որ, կերպ կասկածի տակ դնել այն ժամանակվա դատական գործընթացները։ Ավելին՝ այն ժամանակ նույնիսկ չկար ընթացակարգ՝ ձեռքով մակագրելու, դատարանների նախագահները ոնց ուզում՝ մակագրում էին, հիմա կա գոնե օրենքով սահմանված ընթացակարգ և եթե դատարանների նախագահները խախտեն այդ ընթացակարգը, դա ապացուցվի՝ այլ պատասխանատվության հարց կառաջանա։ Այնպես չէ, որ դատարանների նախագահները հակված են և կարող են խախտել ընթացակարգը և մնալ անպատիժ»,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ պետք է վերակագնվի էլեկտրոնային մակագրման համակարգը, աշխատանքներ են տարվում։

Դիտարկմանը, որ խոսքը գնում է էլեկտրոնային մակագրման ընթացքում որոշակի միջամտությունների մասին, բայց այժմ գործ ունենք մարդկային գործոնի հետ և որքանով է բացառում դատարանների նախագահների կողմից միջամտությունը՝ նկատի ունենալով, որ արդեն իսկ հայտնի են դեպքեր, երբ մակագրման ընթացքում խախտվում է օրենքով սահմանված այբբենական հերթականությամբ մակագրման կարգը, բացի այդ՝ կան ահազանգեր, որ որոշ տեսակի գործեր չեն մակագրվում որոշ դատավորների՝ Բեքմեզյանն արձագանքեց՝ նշելով, որ չի կարող ասել, թե գործերն ինչպես են մակագրվել, որովհետև չի հետևում, թե ինչպես են մակագրում գործերը։

Նրա խոսքով՝ դա իրենց խնդիրը չէ, դատարանների նախագահները պարտավոր են մակագրել ինչպես օրենքով են նախատեսված և եթե ինչ-ինչ անձինք կարծում են, որ այնպես չեն մակագրում, ինչպես օրենքով է նախատեսված, ապա նրանք իրավունք ունեն դիմելու համապատասխան մարմինների, որոնք կարող են ուսումնասիրել՝ կա՛մ կարգապահական վարույթ սկսել դատարանի նախագահի նկատմամբ, կամ՛ քրեական գործ հարուցել, եթե կա դիտավորության կամ քրեական հանցակազման և անձանց պատասխանատվության ենթարկել։ Նրա դիտարկմամբ՝ օրենսդրորեն կան մեխանիզմներ՝ հետևելու, հսկելու և պատասխանատվության ենթարկելու այն դեպքերում, եթե դատարանի նախագահը կատարել է օրենքի պահանջի խախտում։ Բացի այդ՝ Բեքմեզյանը նշեց, որ օրենքի պահանջի խախտման խախտման վերաբերյալ փաստեր չգիտի, կան խոսակցություններ, որոնք իր համար փաստեր չեն, եթե որևէ կերպ հիմնավորված, ապացուցված չեն, միայն խոսակցությունների մակարդակում են։

«Ավելին, կան կասկածներ, որ նույնիսկ էլեկտրոնային մակագրման ժամանակ են եղել միջատություններ։ Դատավորներից պարբերաբար դիմումներ են ստացվել, այդ թվում՝ այդ դատավորների թվում կա նաև դիմումը ստորագրած ութ դատավորներից մեկը, որը ժամանակին բողոքում էր, իրեն ինչ-որ տարօրինակ ձևով գործեր են մակագրվում, որոնք իրեն չպետք է մակագրվենի կամ ավելի շատ էին մակագրվում, քան՝ պետք է։ Դատավորները ժամանակին դժգոհում էին նաև էլեկտրոնային մակագրումից »,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ տարբեր դատավորներ են դիմել՝ խնդրելով վերանայել մակագրման համակարգը։

Թեև մեր զրուցակիցը չնշեց, թե որ դատավորի մասին է խոսքը, սակայն հարկ ենք համարում նշել, որ խոսքը դատավոր Զարուհի Նախշքարյանի մասին է, որը, նկատենք, դժգոհություն էր հայտնել ոչ թե համակարգում միջամտությունների, այլ՝ գործերի անհավասարաչափ բաշխման վերաբերյալ։ Հանգամանքը, որ դատավորը բարձրացրել էր ծանրաբեռնվածության հարցը, հաստատեց նաև մեր զրուցակիցը։ Միևնույն ժամանակ Բեքմեզյանը հիշեցրեց, որ մեծ հնչեղություն ունեցող դատավարություններից մեկով փաստաբանները հատուկ ցանկացել են ներկա գտնվել գործի մակագրման գործընթացին, քանի որ կասկածներ ունեին, որ կարող է ինչ-որ միջամտություն լինել գործի մակագրման գործընթացին։

«Այսինքն՝ այն ժամանակ էլ կասկածներ կային, իսկ այդ կասկածները որտեղի՞ց են առաջանում։ Միայն նրանից, որ կողմը վստահություն չունի էլեկտրոնային մակագրման օբյեկտիվության վրա։ Ես չեմ ցանկանում արդարացնել ձեռքով մակագրությունը, միայն ցանկանում եմ օբյեկտիվ նայել հարցին և հասկանալ, որ էլեկտրոնային մակագրությունն այն սուրբ մակագրությունը չէ, որ ցանկանում են ներկայացնել և ձեռքով մակագրությունն այն չարիքը չէ, որ փորձում են ներկայացնել»,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ էլեկտրոնային մակագրությունն ավելի հուսալի է, ավելի քիչ է տալիս չարաշահումների հնարավորություններ, բայց ձեռքով մակագրության դեպքում ավելի հստակ կարելի է արձանագրել խախտումները։

Դիտարկմանը, որ առգրավված է ողջ համակարգը, մինչդեռ, կոնկրետ գործերով որոշակի միջամտությունների կասկածի պարագայում կարող էին առգրավել կոնկրետ գործերով նյութերը, ոչ թե՝ ամբողջ համակարգը պարալիզացնել՝ Բեքմեզյանն արձագանքեց՝ նշելով, որ այդ հարցն իր կողմից ևս բարձրացվել է, բայց այդ հարցի պատասխանը չի կարող տալ, քանի որ ինքը համակարգչային մասնագետ չէ, ծրագրավորող չէ և չի կարող վստահ ասել, թե ինչ առգրավվելով ինչ արդյունքի կարող են հասնել։

«Գիտեմ, որ կան լոգեր, կոդեր, որոնք պահվում են սերվերների վրա, դրանք միջոցներ են, որտեղ պահվում են ամբողջ գործընթացները և երբ առգրավվում են սերվերները՝ լոգերը ստուգելու համար, գուցե համակարգիչները չեն աշխատում, որովհետև ծրագիրը չի աշխատում։ Ես մասնագետ չեմ, չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ»,- նշեց Բեքմեզյանը։

Ինչ վերաբերում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության հնարավոր նվազմանը, Բեքմեզյանը նշեց, որ շատ կցանկանար, որ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության նվազումը կապված լիներ միայն էլեկտրոնային մակագրության հետ, բայց, ցավոք, դա կապված է շատ ավելի լուրջ խնդիրների հետ, այն է՝ դատական ակտերի, դատական ակտերի, դատավորների գործողությունների, դատավորների՝ իրենց վարույթում գտնվող գործերի նկատմամբ վերաբերմունքի, դատական ակտերի կայացման ձգձգման հետ։ Ըստ նրա՝ հանրության համար մակագրությունը եղել է ամենավերջին գործոնը, որ կարող է որևէ կերպ ազդել։ Բեքմեզյանը կարծում է, որ մակագրության հարցը հիմնականում հետաքրքրում է հանրային հնչեղություն ունեցող գործերով, որոնք բավականին քիչ տոկոս են կազմում այն ամբողջ դատական գործերի, որ հիմա ՀՀ դատարաններում կա և չի կարծում, որ հանրությունը պետք է դրանով վերաբերմունք ձևավորի դատական իշխանության նկատմամբ։

Հետաքրքրվեցին նաև ԱԱԾ-ում քննվող քրեական գործի ընթացքից՝ կան արդյոք որպես մեղադրյալ ներգրավված անձինք, թե ոչ, ինչին ի պատասխան Բեքմեզյանը հայտնեց, որ որևէ տեղեկություն չունի, վերջին տեղեկությունը ստացվել է անցած տարվա վերջին, երբ ԲԴԽ-ն գրություն է ուղարկել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում գործի քննությունը, ինչին ի պատասխան հայտնել են, որ փորձաքննություն է իրականացվում։ Իսկ թե արդյոք դատական դեպարտամենտի աշխատակիցների, ԲԴԽ անդամների մասնակցությամբ ինչ-որ գործողություններ իրականացվել են քրեական գործի շրջանակներում՝ Բեքմեզյանը նշեց, որ իրեն նման բան հայտնի չէ։

pastinfo.am