Իռլանդացի աշխարհահռչակ երգչուհի Շինեյդ Օ’Քոնորի 17-ամյա որդին՝ Շեյնը, ինքնասպան է եղել։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը` վկայակոչելով երգչուհու Twitter-յան գրառումը։
Շեյնը տնից հեռացել ու անհետացել էր երկու օր առաջ այն բանից հետո, երբ Twitter-ի իր էջում գրառում էր արել իր կյանքին վերջ տալու ցանկության մասին։
Հունվարի 6-ին որդու Twitter-յան էջում կատարած գրառմամբ երգչուհին խնդրել էր Շեյնին վերադառնալ։ «Քո բացակայությունն այլևս ծիծաղելի չէ, Շեյն: Դու վախեցնում ես ինձ»,– գրել էր նա` խնդրելով բոլոր նրանց, ովքեր այդ պահին Շեյնի հետ են, դիմել ոստիկանություն՝ նրա անվտանգության համար:
Վերջին գրառումը Շինեյդ Օ’Քոնորը կատարել է 10 ժամ առաջ` արդեն որդու մահից հետո։
2018թ–ին երգչուհի Շինեդ Օ’Քոնորը դավանափոխ էր եղել և իսլամ ընդունել: Նա ընդունել էր Շահուդա իսլամական անունը, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «մարտիրոս»:
Օ’Քոնորին ճանաչում էր բերել 1980-ականներին թողարկված «The Lion and the Cobra» ձայնասկավառակը: Իսկ համաշխարհային ճանաչման էր հասել 1990 թվականին «Nothing Compares 2 U» երգի շնորհիվ: