«Շատ կարևոր է միասնականությունը: Պետք է այսչափ իրար չատենք ու անվստահություն չունենանք: Կարծում եմ, որ մեր միասնականությունը կբերի փրկություն, հակառակ դեպքում՝ շատ լավ խոսք կա. եթե բաժանես՝ հեշտությամբ կկարողանաս տիրել»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2021թվականը՝ ասաց ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ երաժիշտ, երգահան, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Փիթեր (Պետրոս) Ջամբազյանը՝ Փիթեր Ջեմը:
Նա հայտնեց, որ հիմա ոչ միայն խաղաղության, այլև մարդու իրավունքների խորհրդատու է, և որքան կարողանում է՝ բարձրաձայնում է արցախահայության խնդիրը:
«Մոտ 2 տարի է՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՄԱԿ չեմ գնացել, հանդիպումներ եղել են ZOOM-ով, և հանդիպումների ժամանակ հստակ կերպով անդրադարձ կատարել եմ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կատարած վայրագություններին: Մինչև հիմա հայ գերիներ կան այնտեղ, զինվորներ են առևանգել… այս և նմանատիպ հարցերի մասին միշտ խոսում եմ: Եթե հայ էլ չլինեի՝ այս ամենի մասին կխոսեի, որովհետև մարդու իրավունքների դեմ են այս վայրագությունները: Եթե Ադրբեջանը փող ունի՝ չի նշանակում, որ աջ ու ձախ կարող են բաժանել ու լռեցնել բոլորին:
Բացի այս, ցավոք, մեր երկրում այդչափ մեծ ատելությունը ու դրա արտացոլումը սոցիալական ցանցերում՝ թշնամուն ուժեղ է ցույց տալիս: Հայապահպանության համար մենք պետք է միանանք»,- նշեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ Փիթեր Ջամբազյանը ծնվել է Լիբանանում՝ 1981 թվականի հուլիսի 6-ին։ Խաղաղության կոչով որոշել է հանդես գալ 1980-ական թվականներին Լիբանանում քաղաքացիական պատերազմի ականատեսը լինելուց հետո։
«Խաղաղությունն ամենակարևոր բանն է,- նշում է նա ու հավելում,- Միշտ պետք է տարբեր վայրեր գնամ, կարողանամ մի փոքր կրակ վառել, որը տաքություն կտա, ոչ թե կայրի: Հայրենիքում ու մայրենիքում (Լիբանան և Հայաստան) էլ եմ ուզում ակտիվ լինել։ Ի դեպ, առաջիկայում նոր երգ կներկայացնեմ: Կոչվում է «We all need»։
Ինչ վերաբերում է խաղաղության այցեքարտ դարձած` «If you want» երգին, ապա այն գրել է 2009 թվականի մարտին` If you want love you will find love/If you want peace you will get peace/ If you want hope, hope is what we need / You have to keep the faith, you’ll get what u need…
Անի Կարապետյան