Seasons Park Station ձմեռային այգին այսօր առավել, քան զվարթ էր ու մարդաշատ, քանի որ հյուրընկալել էր «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենային ու նրա երկրպագուներին: Հազարավոր ժպիտներ, սպասումով լի հայացքներ, տարբեր տարիքի մարդիկ, որոնք, պարզապես, եկել էին շփվելու ու իրենց սրտի խոսքը հղելու Հայաստանին սպասված հաղթանակը նվիրած երգչուհուն: Եվ ահա՝ բեմում հայտնվեց Մալենան, իսկ րոպեներ անց այգում սկսվեց իսկական խենթություն…
«Անչափ շնորհակալ եմ, որ այստեղ եկել եք ինձ տեսնելու համար: Այսօր իմ մենահամերգը չէ, բայց դուք այնքան շատ եք… անհավատալի է»,-բեմից նշեց երգչուհին ու խոստացավ ելույթից հետո լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ:
Երգչուհին կատարեց երկու երգ` «Մանկական Եվրատեսիլ»-ում իրեն ու Հայաստանին հաղթանակ բերած «Քամի, քամի»-ն ու «Արեւիկ» խմբի «Երազանք»-ը, որը եւս արդեն հասցրել է սիրվել Մալենայի cover տարբերակով:
Ինչպես խոստացել էր` երգչուհին չզլացավ նաեւ լուսանկարվել ու շփվել երկրպագուների հետ: Իսկ 14-ամյա երգչուհուն տեսնել ու լուսանկարվել ցանկացողների թիվն այնքան շատ էր, որ նրա` բեմից իջնելն այգում խենթ իրարանցում առաջացրեց:
Միջոցառումը կազմակերպվել էր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նախաձեռնությամբ՝ Հանրային Հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:
Մալենայի ու նրա հայ երկրպագուների ջերմ հանդիպման մանրամասները` մեր ֆոտո եւ վիդեո անդրադարձներում:
Ամբողջությամբ՝ style.news.am