Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․
«Մի շատ կարևոր հանգամանք կա, որի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել՝ խուսափելու համար, մեղմ ասած, ոչ ճշգրիտ մոտեցումներից։ Հայաստանն, ըստ էության, խնդիր չունի, թյուրքալեզու պետությունների և ժողովուրդների մեծամասնության հետ։
Մեր խնդիրը երկու պետության՝ Թուրքիայի ու Ադրբեջանի, և դրանց վարչախմբերի հետ է, որոնք, չնայած ներքին որոշ հակասությունների, հիմնականում հանդես են գալիս միասնական հակահայկական ճակատով՝ փորձելով այն ընդլայնել ի հաշիվ այլ թյուրքալեզու երկրների և ազգերի։
Հայաստանը մեծ հաշվով որևէ խնդիր չունի Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրզղստանի կամ նողայների, թաթարների, բաշկիրների, չուվաշների և յակուտների հետ, ուստի մենք ոչ թե պայքարում ենք, խիստ պայմանական բնորոշմամբ, «թյուրքական աշխարհի», այլ մեր հանդեպ ատելությամբ լցված և մեր ոչնչացմանը ձգտող երկու պետությունների ու դրանց միջոցով սնուցվող պանթյուրքիզմի ախտով վարակված առանձին անհատների կամ կազմակերպությունների դեմ»: