Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ստացան կորոնավիրուսի դեմ երրորդ խթանիչ դեղաչափը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Մոդերնա» տեսակի պատվաստանյութով է ստացել խթանիչ դեղաչափը։ Ավանեսյանը նշեց, որ քաղաքացիները կարող են ցանկության դեպքում ստանալ նաև խթանիչ դեղաչափը, եթե նախորդ պատվաստումներից անցել է 6 ամիս։
«Կան երկրներ, որոնք չեն սպասում մինչև վեց ամիս, այլ ավելի կարճ ժամանկահատվածում են ընդունում խթանիչ դեղաչափը։ 6 ամսից շուտ, օրինակ՝ 4 ամիս հետո խթանիչ դեղաչափով պատվաստելը վտանգ չի ներկայացնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ խթանիչ դեղաչափերի պարբերաբար պատվաստումը կարող է մեր երկրում ևս ընդունելի դառնալ։
«Մենք դեռ կամավոր հիմունքներով ենք իրականացնում երրորդ դեղաչափը։ Բայց չգիտենք, թե վաղը ինչ կլինի։ Ոչ ոք չգիտի, թե նոր օմիկրոն շտամի ալիքը ինչ տարածում կգտնի Հայաստանում։ Մեր բոլոր միջոցառումները, սահմանափակող գործիքակազմը իրականացվում են բոլոր մարտահրավերներին ճկուն կերպով դիմակայելու համար: Եթե մենք ունենանք որոշակի ընկալում, որ խթանիչ դեղաչափի ընդունումը պարտադիր դարձնելը կօգնի ավելի պաշտպանել մեր քաղաքացիների առողջությունը, մենք կկիրառենք այլ գործիքակազմ»,-նշեց Ավանեսյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ իր համար կարևոր է խթանիչ դեղաչափով պատվաստվելը։ «Խթանիչ դեղաչափը ստացա հայկական արտադրության «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով։ Նախկինում պատվաստվել էի «ԱստրաԶենեկա»-ով, բայց հաշվի առնելով, որ արդեն ունենք հայկական արտադրության «Սպուտնիկ Լայթ», որոշեցի փորձել այս պատվաստանյութը»,- նշեց նախարարը։
Վահան Քերոբյանը խոսեց նաև հայկական արտադրության պատվաստանյութը արտահանելու մասին։
«Հիմա քննարկումների մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի մեր արտադրանքը արտահանենք։ Արտահանման գործընթացում շատ կարևոր է ռուսական կողմի համաձայնությունը, քանի որ ապրանքային նշանի մտավոր սեփականությունը իրենցն է»,- նշեց Քերոբյանը։
Նախարարն ընդգծեց, որ արտահանման ժամկետների մասին խոսել չի կարող, բայց կարծում է, որ ստանալով համաձայնությունը՝ արդեն պատրաստի գործարքներ կունենան տարբեր երկրների գործընկերների հետ։