Հաղորդավարներ Միխայիլ Գալուստյանի, Վալյա Կարնավալի եւ Արթուր Բաբիչի մասնակցությամբ «Не дрогни!» կատակերգական-խաղային շոուն «СТС»-ի եթեր կթողարկվի հունվարի 17-ից։ Մասնակիցները ստիպված կլինեն փորձություններ անցնել, հայտնում է «InterMedia» գործակալությունը՝ վկայակոչելով հեռուստաալիքի մամուլի ծառայությանը։
Նոր նախագծի մասնակիցների ցանկում են «Միսս Բելառուս» մրցույթի հաղթողը, լիտվացի խոհարար, սեքս-քոուչ, ուսուցիչներ, հոկեիստ, ռեստորատոր, անշարժ գույքի գործակալ եւ նույնիսկ նախկին քահանա։ Շոուի թիմը բազմաթիվ հայտեր է ստացել ամբողջ Ռուսաստանից եւ ԱՊՀ երկրներից։
«Ինձ դուր է գալիս, որ մեր շոուն ոչ միայն էքստրիմի մասին է, այլեւ ծիծաղի,- ասում է Միխայիլ Գալուստյանը։ – Ինձ՝ որպես կատակերգուի, առանձնակի հարմար է այդ պայմաններում։ Բայց հետեւելով մասնակիցներին՝ հասկանում էի, թե որքան դժվար է պահպանել ներքին հավասարակշռությունը, երբ ամեն կողմից փորձում են վախեցնել քեզ։ Ինձ շատ դժվար է վախեցնել․ ես աշխարհ տեսած հայ եմ՝ արյանս մեջ ադրենալինի պարունակությամբ»,- «СТС»-ի մամուլի ծառայությունը մեջբերել է Միխայիլ Գալուստյանի խոսքերը։
«Не дрогни!»-ն բրիտանական «Flinch» նախագծի ռուսական տարբերակն է, որն ի սկզբանե հեռարձակվում էր Netflix-ով։ Stellify Media-ի կողմից ստեղծված ձեւաչափը տարածվում է ամբողջ աշխարհում Sony Pictures Television-ի կողմից։ Օրիգինալ շոուում փորձություններն անցնում են իռլանդական ֆերմայի տարածքում, որը մոսկվացի նկարիչները վերստեղծել են 1 000 քառակուսի մետր մակերեսով տաղավարում։