Ինչ կենսագրություն ունի Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և ինչ է հայտնի նրա ունեցվածքի ու ընտանիքի մասին
Advertisement 1000 x 90

Ինչ կենսագրություն ունի Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և ինչ է հայտնի նրա ունեցվածքի ու ընտանիքի մասին

Վերջին մեկ շաբաթում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Ղազախստանն է և այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները: Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։ ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։

ArmDaily.am-ը որոշել է պարզել, թե ով է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և ինչ է հայտնի նրա ունեցվածքի մասին:

Ով է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

Տոկաևը ղազախ պետական գործիչ, խորհրդային և ղազախ դիվանագետ է: 2019 թվականի մարտի 20-ից Ղազախստանի գործող նախագահն է: Մինչ այդ՝ 2013 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2019 թվականի մարտի 20-ը, Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահն է եղել, 2011 թվականի մարտի 12-2013 թվականի հոկտեմբերի 16՝ Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքի գլխավոր տնօրեն, հոկտեմբեր 1999-հունվար 2002՝ Ղազախստանի Հանրապետության վարչապետ, 1994-1999, հունվար 2002-հունվար 2007՝ Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:

Նրա հայրը՝ Քեմել Տոկաևիչ Տոկաևը (1923-1986), Հայրենական մեծ պատերազմի մասնակից, հայտնի ղազախ գրող էր, ղազախական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության անդամ։ Մայրը՝ Տուրար Շաբարբաևան (1931-2000), աշխատել է Ալմա Աթայի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ Տոկաևը գալիս է հին ժուզայի ժալայիր ցեղի կուշիկ ցեղից:

13 տարվա ընթացքում եղել է Ղազախստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահը։

Միջազգային հարաբերությունների վերաբերյալ ինը գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Տիրապետում է ղազախերենին, ռուսերենին, անգլերենին և չինարենին, գիտի ֆրանսերեն։ Ամուսնալուծված է, ունի որդի՝ Տիմուր Տոկաևը: Վերջինս խոշոր գործարար է նավթային ոլորտում («Աբի Պետրոլեում Կեպիտալ»)։ Նաև գլխավորում է իր պապի՝ Կեմել Տոկաևի անվան բարեգործական հիմնադրամը:

Ղազախստանի քաղաքական կառուցվածքի վերաբերյալ տեսակետ․ «Ուժեղ նախագահ, հեղինակավոր խորհրդարան, հաշվետու կառավարություն» (այդ մասին հայտարարել Է 2014 թվականի նոյեմբերի 24-ին Աստանայում կայացած խորհրդարանական խորհրդաժողովում)։ Իսկ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, ելույթ ունենալով Սենատի նիստում, Տոկաևն առաջարկել է խստացնել նարկոդիլերների նկատմամբ դատական հետապնդումը ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն և նույնիսկ մահապատիժ, քանի որ նրանց գործունեությունը կարելի է հավասարեցնել երկրի ազգային շահերին սպառնացող ահաբեկչությանը։

Ունեցվածքը

Տոկաեւի անձնական եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները քիչ են: Համացանցում բավականին փորփրելով՝ հաջողվեց գտնել կարճ տեղեկություններ այն մասին, որ նախագահի նախկին կինը ժամանակին բիզնես է ունեցել։

Համացանցից ստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Նադեժդա Տոկաեւաի անունով գրանցված ԱՁ-ն ներկայում չի գործում։ Այն գոյություն է ունեցել 14 տարի, մինչև 2009 թվականը։

Որպես գործունեության հիմնական տեսակ նշվում է Մոսկվայում անշարժ գույքի վարձակալության հանձնումը:

2021 թվականի դեկտեմբերին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թիմը հրապարակեց վիդեոհետաքննություն Տոկաևների Մոսկվայում առկա ունեցվածքի մասին, ըստ որի՝ Մոսկվայի շքեղ անշարժ գույքի օբյեկտների մասին տվյալները հեռացվել են Ռոսռեեստրից, ինչպես նաև Տիմուրի եւ Նադեժդա Տոկաեւաի ՝ նախագահի որդու եւ նախկին կնոջ բնակարանների մասին տեղեկությունները գաղտնի են պահվել ռուս պաշտոնյաների եւ հատուկ ծառայությունների աշխատակիցների անշարժ գույքի մասին տեղեկատվության հետ միասին:

Նավալնիի թիմը ցույց է տալիս փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, սեփականատերերի գրանցամատյանից քաղվածք, որի համաձայն Խամովնիկի շրջանում ավելի քան 196 քառակուսի մետր մակերեսով բնակարանը պատկանում է Ղազախստանի նախագահի որդուն՝ 37-ամյա Տիմուր Տոկաեւին, սեփականության իրավունքը գրանցվել է 2010 թվականին: Հետաքննության մեջ բերվում է նաեւ մեկ այլ փաստաթուղթ ՝ Մոսկվայի Մեշչանսկի շրջանում 167 քառակուսի մետր բնակարանի համար, որի սեփականատերը, ընդդիմադիրի թիմի խոսքով, 2000 թվականից ի վեր Նադեժդա Տոկաեւան է:

armdaily.am



Նման նյութեր