Գործարար, ակտիվիստ, Reddit կայքի եւ «Initialized Capital» վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պապիկն շնորհավորել է ծննդյան օրվա առիթով․ Ջոն Օհանյանը 100 տարեկան է դարձել։ Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը հրապարակումն արել է իր ինստագրամյան էջում։
«Հունվարի 12-ին պապիկս 100 տարեկան է դարձել, եւ երջանկություն էր մի տեղում հավաքել Օհանյանների չորս սերնդի։ Հաջորդ օրը տանն ընթրելիս հայկական ճաշատեսակներ էինք ընտրել, եւ պապիկս մեզ զվարճացնում էր պատմություններով, ինչպես օրինակ՝ վիճակախաղում մեքենա շահելն էր (որը նույն պահին վաճառել է քոլեջի համար վճարելու նպատակով) կամ կամավոր մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Նրա սերնդի ներկայացուցիչները տարբերվում են, եւ ես շնորհակալ եմ նրանց զոհաբերությունների համար։
Պապիկս՝ Ջոն Օհանյանը, փախստականների որդի է, որոնք վերապրել են Հայոց ցեղասպանությունը, որբացել ու կյանքը զրոյից սկսել ԱՄՆ-ում։ Նրա որդին փոքրիկ տուրիստական գործակալություն է բացել (թոշակի է անցել այս տարի), իսկ նրա թոռը ստեղծել է Reddit-ը, եւ ով գիտի, թե ինչ բարձրունքների կհասնի նրա ծոռնուհին»,- ընտանեկան լուսանկարը մակագրել է Օհանյանը։