ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրենին՝ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին, վրդովեցրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Massachusetts Institute of Technology, MIT) պրոֆեսոր, ֆիզիկոս Մաքս Թեգմարքի արած արտահայտությունը։
Բանն այն է, որ հիշյալ պրոֆեսորը գերմանական «Handelsblat» կայքին տված հարցազրույցում ասել է. «Ես ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն կրթություն է ստացել այստեղ»:
Այդ խոսքին ի պատասխան՝ Սելչուք Բայրաքթարը Twitter-ում հետևյալ գրառումն է արել.
«MIT-ի այսպես կոչված մի գիտնական, որի անունն առաջին անգամ եմ լսում, Ղարաբաղի ռազմագործողության ժամանակ տված մի հարցազրույցում ասել է, թե «ամաչում ենք, որ Սելչուկ Բայրաքթարին դասավանդել ենք»:
Այն, ինչից պետք է ամաչեք, ձեր կատարած ցեղասպանությունը և կոտորածներն են: Իսկ մենք մեր հողերն ենք հետ վերցրել և դրա համար միայն հպարտ ենք»:
Նշենք, որ ԱՄՆ-ին ցեղասպանության մեջ մեղադրող Բայրաքթարի ծագման երկիրը՝ Թուրքիան, իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Աշխարհի տասնյակ երկրներ արդեն ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։