Ստեղծագործական աշխարհում Շանթ Ավետիսյանին շատերն են ճանաչում Եգիպտոսի ոսկե դարաշրջանի նկարներով։ 2013թ․-ին նրա «Նեղոսի սրբապատկերները» (1991-2010) շարքը ռեկորդ է սահմանել՝ Դոհայում կայացած աճուրդի ընթացքում վաճառվելով 1,5 միլիոն դոլարով։ Դա ամենաբարձր գինն էր, որ երբեւէ վճարվել էր Մերձավոր Արեւելքում ստեղծագործող նկարչի: Ավետիսյանը կյանքից հեռացել է Կահիրեում 2018թ․-ին։
«The National»-ն ընդարձակ հոդված է հրապարակել եգիպտահայ արտիստի մասին․ Միքայելյան ընտանիքը կիսվել է հանգուցյալ արտիստի մասին իր հիշողություններով եւ պատմել աշխատանքների մասին, որոնք տասնամյակներ շարունակ ձեռք են բերել եւ որոնք այժմ արդեն «Chant Egyptien» ցուցահանդեսի մաս են։
Կահիրեում ապրող եղբայրները նրան հիշում են որպես հարեւան, մանկության ընկեր։ Նրանց հայրը՝ Ջորջ Միքայելյանը, աջակցել է Ավետիսյանի աշխատանքներին։ «Ես շարունակում էի հորս հարցնել․ «Ի՞նչ ենք պատրաստվում անել այս նկարների հետ»։ Նա պարզապես ասում էր՝ դու կտեսնես, կտեսնես»»,- նշում է Հրաչ Միքայելյանը՝ եղբայրներից ավագը։
Հավաքածուն հիմա արդեն Կահիրեում ցուցահանդեսի մաս է։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է Ավետիսյանն էքսպերիմետներ արել տարբեր ոճերի հետ։ «Շանթի յուրաքանչյուր ցուցադրություն իր յուրօրինակ թեման ու ոճն ուներ։ Նա զարգացնում էր իր ոճերը»,- ասում է Քրիս Միքայելյանը՝ Հրաչի կրստեր եղբայրը, որն արվեստի դասեր է ստացել նույն ստուդիայիում, ինչ Ավետիսյանը։
«Հայկական ազգային պարային ավանդույթները, եգիպտացի քաղաքաբնակ կանանց կյանքը, իսլամական արվեստի տարրերն ու Եգիպտոսի անտիկ ժառանգությունը թեմաների շարքում էին, որոնք արտիստը ֆիքսել է նկարներում, լուսանկարներում»,- նշում է պարբերականը։
Ավետիսյանը, որը հայ փախստականների որդի է, ծնվել է 1951թ․-ին Կահիրեում։ Նա կրթություն է ստացել Մոնրեալի Արվեստի եւ դիզայնի դպրոցում եւ Փարիզի Դեկորատիվ արվեստի ազգային բարձրագույն դպրոցում, այնուհետեւ վերադարձել է Եգիպտոս։