Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը գործող իշխանության ներկայացուցիչներին հիշեցնում է՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ, ինչ-որ պահի այն փոխվելու է։
«Հետո գալու է մի ուրիշ իշխանություն ու սկսի վհուկների որս։ Բացահայտվելու է, չէ՞, այս ամենը։ Ի վերջո մամուլն այս տարիների ընթացքում բազմաթիվ հրապարակումներով ներկայացրել է, չէ՞, թե իշխանության ներկայացուցիչները կամ նրանց ընտանիքի անդամներն ինչ բիզնեսներ ունեն, ինչպես է նրանց կյանքի որակը փոխվել, ինչպես են բարելավել իրենց կենսական պայմանները, այսպես ասած հողաթափերով, տապչկաներով փողոցից եկել են ու հիմա ինչ ունեցվածքի տեր են։ Դրանք ներկայացվել են, բայց ո՞ւր են հակակոռուպցիոն մարմինները, թրանսփերենսիները, հիմնադրամներն ու դրանց գումարները, ո՞ւր են»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Նրա խոսքով, այսօր նման հրապարակումներն անարդյունք են մնում, մինչդեռ քրեական գործեր են հարուցվում ընտրովի կերպով քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների դեմ։
«Հայցեր են ներկայացվում, ֆինանսական փոխհատուցման պահանջներ են ներկայացվում, որպեսզի ջլատեն, հյուծեն ԶԼՄ-ներին ու դրանց ռեսուրսները, կարողանան լռեցնել։ Բայց դա չի հաջողվելու»,-նշեց նա։
Սաթիկ Սեյրանյանը խոստովանեց, որպես քաղաքացի, լրագրող, լրատվամիջոցի խմբագիր, Ժուռնալիստների միության նախագահ չի կարող ներել այս իշխանություններին պատերազմի ժամանակ հորդող ապատեղեկատվության համար։
«Հիշում ենք բոլորս, թե ինչպես միանձյա որոշումներով լռեցրեցին մամուլին, ինչ պատժամիջոցներ կիրառելով կարողացան սուտը լցնել հասարակության կյանք։ Մեզանից պահանջում էին ճշմարտությունը չասել, որպեսզի հասարակությունը չիմանա իրականությունը, որպեսզի հասարակությունը ոտքի չկանգներ։ Մինչդեռ հասարակությունը կարող էր ճնշում գործադրել ու դադարեցնել այդ մանիպուլյացիան»,-նշեց նա։
Միության նախագահի խոսքով, այս ամենի հետևանքով հասարակության մոտ առաջացավ տոտալ անվստահություն պաշտոնական տեղեկատվության նկատմամբ։
«Սա աններելի բան է, որովհետև Հայաստանը մշտապես պատերազմի մարտահրավերների առաջ է, ցավոք սրտի, այս իշխանությունների ձեռքով նման իրավիճակ ստեղծվեց։ Հիմա մենք տեսնում ենք, որ հասարակությունը կարդում է ոչ իշխանական ԶԼՄ-ներ։ Իրենք այդ մոնիտորինգն անում են, տեսնում են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ որոշ կազմակերպություններ սկսել են խոչընդոտել սացցանցերում ԶԼՄ-ների հրապարակումների տարածմանը։