Արցախում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ կլինեն․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արցախում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ կլինեն․ Արայիկ Հարությունյան

Առաջիկայում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ են լինելու. Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին հրավիրած աշխատանքային ընդլայնված խորհրդակցությանը՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների մասնակցությամբ:

«Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնել, առաջին հերթին կառավարության անդամներ, գերատեսչության ղեկավարներ, եթե լինի հիմնավորված դժգոհություն, ես տիպված եմ լինելու այդ փոփոխությունը կատարել»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ թեև ազգային կամ կոալիցիոն կառավարության վերաբերյալ որևէ բան չեն պայմանավորվել, բայց տարբեր ուժերի առաջարկություններն ընդունելու է։

«Առաջիկայում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ լինելու են, ես դրան կանդրադառնամ մի քանի օրից, քաղաքական ուժերի հետ մենք կոնսուլտացիաներ ենք սկսել։ Վերահսկողական բաժիններում փորձելու ենք ներգավել այնպիսի մարդկանց, որոնք իշխանության մաս չեն կազմում, բայց ունեն մասնագիտական որակավորում և կարող են այդ բացը լրացնել։ Առաջին՝ ղեկավարը պետք է հարգանք վայելի տվյալ կոլեկտիվում, պետք է ընդունվի հանրության կողմից»,- ասաց նա։

Արցախի նախագահը խոսեց նաև պետական գնումների մասին՝ կարևորելով, որ «մեկ աղբյուր»-ից ընթացակարգով պետական գնումները սահմանափակվեն․ «Վերջերս մենք ուժային կառույցների և վերահսկող մարմինների հետ հանդիպում ենք ունեցել ու զգուշացրել ենք, ֆինանսների նախարարն այստեղ ներկա է, «մեկ աղբյուր» հասկացություն չլինի, որևէ հիմնավորում չլինի մեկ աղբյուրի, իհարկե, եթե դա շատ պահանջված չէ»։

Հարությունյանը հայտնել է, որ բոլոր կառույցներին հանձնարարված է մանրակրկիտ ուսումնասիրել հանրապետությունում առկա բոլոր խոսակցությունները, քանի որ հասարակությունը ահազանգում է այն մասին, թե որտեղ ինչ բաց կա:

«Հասարակությունը ասում է՝ տանում են, թալանում են։ Ես չեմ ասում, որ նման երևույթ կա, բայց համոզված եմ, որ չարաշահումներ կան։

Մեր ազգային անվտանգությունը նախկինում նման ստուգումներով չի զբաղվել, բայց այսօր հանձնարարված է և արդեն հատուկ ուղղություն, վարչություն կամ բաժին ունեն։ Բայց այն պետք է մեծացնել։ Ինչո՞ւ, այսօր մեր 216 միլիարդանոց բյուջեն ունի լուրջ վերահսկողության կարիք։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ ամեն մի լումա արդյունավետություն պիտի ունենա»,- ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր