Կյանքի 83-րդ տարում վախճանվել է ամերիկացի աստղանավորդ Յուջին Սեռնանը՝ Լուսնի մակերևույթին կանգնածներից վերջինը: Այս մասին հաղորդվում է Twitter-ում NASA-ի պաշտոնական օգտահաշվում:
Սեռնանը տիեզերքում եղել է երեք անգամ: 1966 թվականին նա եղել է «Ջեմինի-9» տիեզերանավի երկրորդ օդաչուն, 1969-ին վարել է «Ապոլոն-10»-ը, իսկ չորս տարի անց եղել է «Ապոլոն-17»-ի առաքելության հրամանատարը:
«Ապոլոն-17» տիեզերանավը 1972 թվականի դեկտեմբերին կատարել է տասնմեկերորդ և վրջին թռիչքն «Ապոլոն» ծրագրի շրջանակներում: Այդ առաքելության ընթացքում մարդիկ վեցերորդ, և առայժմ վերջին անգամ վայրէջք կատարեցին Լուսնի վրա: Աստղանավորդները Երկրի արբանյակի վրա անցկացրեցին գրեթե 75 ժամ և երեք անգամ դուրս եկան տիեզերանավից: Սեռնանն այդ ժամանակ Լուսնի մակերևույթի վրա գրեց իր դստեր անուն-ազգանվան սկզբնատառերը՝ TDC, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: