«Լիրայի արժեզրկման պատճառով թուրքերն ակտիվորեն գնում են կրիպտոարժույթներ». Financial Times
Advertisement 1000 x 90

«Լիրայի արժեզրկման պատճառով թուրքերն ակտիվորեն գնում են կրիպտոարժույթներ». Financial Times

Թուրքիայի քաղաքացիներն իրենց ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքի անկումային տատանումների ու գնաճի պատճառով լիրայով արված իրենց խնայողությունները մեծ թափով վերածում են կրիպտոարժույթների: Այս մասին գրել է «Financial Times»-ը՝ ավելացնելով, որ կրիպտոարժույթների փոխակերպվող գումարի չափերի վերաբերյալ անհանգստություն է հայտնել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուն օտարերկրյա ներդրողների հետ հանդիպման ժամանակ:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վկայակոչելով կրիպտոարժույթների վերաբերյալ «Chainalysis»-ի կազմած զեկույցը՝ «Financial Times»-ը նշում է, որ 2021-ին Թուրքիայի կրիպտոարժույթների շուկայում կատարված գործարքների ծավալները նախորդող տարվա համեմատ ավելացել են 15 անգամ: «CryptoCompare»-ի տվյալներով էլ վերջին 1 տարվա ընթացքում Թուրքիայում կատարված Bitcoin-ի գործարքներն աճել են 9 անգամ: Գործարքների ծավալով Թուրքիան առաջին տեղում է հայտնվել Մերձավոր Արևելքում:

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ Մերձավոր արևելքում շատերն իրենց խնայողություններն ազգային արժույթների արժեզրկումից ապահովագրելու համար վերածում են կրիպտոարժույթների: Այս միտումը կա նաև Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի զարգացող շուկաներում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Թուրքիայի քաղաքացիները վերջին շրջանում ավելի շատ հակված են իրենց խնայողությունները փոխելու կայուն քոինների, որոնցից է «Tether»-ը: Վերջին 6 ամսում թուրքական լիրայով այս կրիպտոարժույթի գնումների ծավալներն ավելացել է 360 տոկոսով։

shantnews.am



Նման նյութեր