Իտալացի մոդելագործ և նորաձևության սեփական տան հիմնադիր Ջորջո Արմանին հաճոյախոսություն է արել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:
Այդ մասին հայտնել է Harper՚s Bazaar-ը: Դիզայների կարծիքով՝ քաղաքական գործիչը նկատելիորեն փոխվել է, «դարձել ավելի սլացիկ, իսկ սանրվածքն ավելի լավ տեսք ունի»: Բացի այդ, Արմանին ընդգծել է, որ դեմ չէ հագցնել նրա կնոջը՝ Մելանյային: «Դա իմ աշխատանքն է: Ինչու ես չպետք է հագցնեմ գեղեցիկ կնոջը: Դա դուրս է քաղաքականությունից»,-ասել է նա:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 8-ին: Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակցուհու՝ Հիլարի Քլինթոնի նկատմամբ: Նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը նշանակված է 2017 թվականի հունվարի 20-ին:
Giorgio Armani s.p.a. ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին իտալացի մոդելագործ Ջորջո Արմանիի և ձեռնարկատեր Սերջո Գալեոտիի կողմից: Իր անվան ներքո առաջին հավաքածուն Արմանին ներկայացրել է 1974 թվականին: