Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը, ամփոփելով 2021 թվականին կատարած աշխատանքը, հայտնել է, որ հաշվետու տարում շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ, այդ թվում՝ խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ:
Այս մասին հաղորդագրություն է զետեղվել ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուքի» էջում:
Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթված տարածքներում է մնացել շուրջ 2000 հուշարձան, ինչպես նաև «Տիգրանակերտ», «Տողի մելիքական ապարանքներ», «Տյաք» պատմամշակութային և «Հունոտի կիրճ», «Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցները:
2021 թվականին աշխատանքներ են տարվել պատմական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների պահպանման, հանրահոչակման և ուսումնասիրության ուղղությամբ, ինչպես նաև իրականացվել մշտադիտարկում և տեղեկությունների հավաքագրում բռնազավթված տարածքների հուշարձանների վիճակի վերաբերյալ:
Հուշարձանների պահապանների կողմից իրականացվել են համապատասխան շրջայցեր, կազմակերպվել հուշարձանների տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Այդ առումով ուշադրության կենտրոնում հատկապես եղել են զբոսաշրջային գրավչություն ունեցող և ավելի շատ այցելվող հուշարձանները:
Հաշվետու ժամանակահատվածում գործել են 4 շրջանային ծառայություն՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի:
Ակտիվ աշխատանքներ են տարվել նաև հուշարձանների հանրահոչակման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի գործունեության լուսաբանման ուղղությամբ: «Աշխատանքային տարվա ընթացքում համագործակցել ենք տարբեր ԶԼՄ-ների հետ, հանրությանը ներկայացնելու համար ՊՈԱԿ-ի գործունեությունը: Այս ժամանակահատվածում տարբեր նյութեր, հոդվածներ և հարցազրույցներ են հրապարակվել տարբեր լրատվամիջոցներում: ՊՈԱԿ-ի գործունեությունը լուսաբանելու, ինչպես նաև հուշարձանները հանրահռչակելու համար հիմնականում գործել է «Artsakh monuments» «Ֆեյսբուքի» էջը, որը տարեսկզբին ուներ մոտ 3 000, իսկ այս պահի դրությամբ 7382 հետևորդ: Էջը բավական ակտիվ կապի մեջ էր նաև հետևորդների ու տարբեր հասարակական կազմակերպությունների հետ: Կազմակերպել են պատմամշակութային ժառանգության թեմատիկայով մրցույթներ: «Artsakh monuments» ֆեյսբուքյան էջին զուգահեռ, նույն անվամբ էջեր ենք բացել «Թվիթերում», «Տելեգրամում» և «Յութուբում»: Աշխատանքներ են տարվել «Artsakh monuments» կայքէջի ստեղծման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
Շարունակվել է համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմիների, հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ: Ծառայության աշխատակիցների կողմից պարբերաբար դասախոսություններ են անցկացվել դպրոցներում՝ նվիրված տարբեր հուշարձանների, դրանց պահպանության կարևորությանը և խնդիրներին: