Ֆրանսիայում ցմահ ազատազրկված քրեական հեղինակություն Կախա Շուշանաշվիլին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում է վերադարձնել իրեն իր վրացական քաղաքացիությունը, հայտնում է Sputnik Գրուզիան։
Քրեական աշխարհում որպես «Կախա Ռուսթավսկի» հայտնի Շուշանաշվիլին 2010 թվականին ֆրանսիական դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել մեկ այլ «օրենքով գողի»` «Լադո» մականունով Վլադիմիր Ջանաշիայի պատվիրված սպանության մեջ։
Սալոմե Զուրաբիշվիլին 2020 թվականին Վրաստանի քաղաքացիությունից զրկեց արտերկրում բնակվող մի շարք «օրենքով գողերի»` ԵՄ–ով նրանց տեղաշարժն առանց վիզայի սահմանափակելու համար։ Բացի այդ, սահմանին նրանց ձերբակալելու դեպքում նրանք Վրաստան չեն արտաքսվի։
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով` Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն իսկ վարույթ է ընդունել Շուշանաշվիլիի հայցը։
Կախա Շուշանաշվիլիի դուստրը` Թաթիա Շուշանաշվիլին, լրագրողներին հայտնել է, որ իր հայրն արդեն 12 տարի է` պատիժ է կրում Մարսելի բանտում։ Նա առանձնախցում է, առողջական վիճակը գնալով վատթարանում է, այդ պատճառով նա պահանջում է, որ իրեն արտահանձնեն հայրենիք, իսկ դրա համար նրան վրացական անձնագիր է անհրաժեշտ։
Հեռուստաալիքի փոխանցմամբ` քաղաքացիության դադարեցման մասին նախագահի համապատասխան հրամանը հիմնված է եղել արդարադատության նախարարության եզրակացության վրա, որից հետևում է, որ Կախաբեր Շուշանաշվիլին 2015 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել։
Փաստաբանը պնդում է, որ ներկայացված փաստաթուղթը կեղծ է, քանի որ Շուշանաշվիլին, որն այդ ժամանակ հետախուզվում էր Ինտերպոլի Կարմիր շրջաբերականով, արդեն պատիժ էր կրում Մարսելի բանտում։
Շուշանաշվիլիից բացի, նախագահի դեմ հայց են ներկայացրել նաև այլ «օրենքով գողեր»։ Հիմնականում խոսքը նրանց մասին է, ովքեր 2013-18 թվականներին արդարացվել են Վրաստանի դատարանների կողմից, սակայն վճռի հրապարակումից հետո, այնուամենայնիվ, ստիպված են եղել լքել երկիրը։