«ժողովուրդ» օրաթերթը երեկ էր գրել, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։
Հարցի առնչությամբ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի տեսակետը լսեցինք։ Ըստ նրա՝ «եթե հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, ապա Գյումրու 102-րդ ռազմաբազայի կարիքը չի լինի» տրամաբանությունը բավականին խոցելի է։
Ընդգծում է՝ պետությունների միջև հարաբերությունները պարբերաբար բարելավվում են, պարբերաբար վատանում, առավել ևս՝ մեր տարածաշրջանում։
Օրինակ է բերում Թուրքիային և Սիրիային, որ 2000-ականների վերջին հոյակապ հարաբերություններ ունեին, իսկ Սիրիայի նախագահ Ասադն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը ընտանիքներով համատեղ հանգիստ էին անցկացնում, բայց դա չխանգարեց, որ ընդամենը 2–3 տարի անց թուրքերը դառնան Ասադի կատաղի թշնամիներ և բզկտեն Սիրիան, ներխուժեն և օկուպացնեն այդ պետության տարածքները։
«Ենթադրենք՝ ինչ-որ գեղեցիկ համաձայնություններ են ձեռք բերվում ՀՀ և Թուրքիայի միջև, հետո ռազմաբազան Հայաստանից հանում են, իսկ հետո Թուրքիան ինչ-որ սադրանքի է դիմում, կամ Ադրբեջանի ձեռքով է սադրանք անում։ Այդ իրավիճակում ի՞նչ կկարողանա անել Հայաստանը, ո՞վ է երաշխավորելու Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգությունը Թուրքիայի պես հզոր և հայերի հանդեպ ատելությունը պետական քաղաքականության տարրերից մեկը դարձրած հակառակորդից»,- շեշտում է մեր զրուցակիցը։