Շաբաթ-կիրակի շոու էին սարքել, ոստիկանական ուժերով մտնում էին ռեստորաններ, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը 50 տոկոսով նվազել է. Տնտեսվարողները նոր շարժում են սկսում. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Շաբաթ-կիրակի շոու էին սարքել, ոստիկանական ուժերով մտնում էին ռեստորաններ, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը 50 տոկոսով նվազել է. Տնտեսվարողները նոր շարժում են սկսում. pastinfo.am

Վերջին երեք օրվա ընթացքում հանրային սննդի ոլորտի շրջանառությունը 50 տոկոսով նվազել է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր որոշմանը։

Հիշեցնենք, որ հանրային սննդի վայրեր, ինչպես նաև մշակութային և ժամանցի վայրեր քաղաքացիների մուտքը հունվարի 22-ից թույլատրվում է միայն պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան ներկայացնելու դեպքում։

Աշոտ Բարսեղյանը նշեց, որ այժմ շարժում են սկսել, որ չեն ստուգելու քաղաքացիների պատվաստման սերտիֆիկատները, և բազմաթիվ տնտեսվարողներ արդեն միացել են այդ շարժմանը։

«Մենք ո՛չ նման պարտավորություն, ո՛չ էլ իրավունք ունենք՝ QR կոդը ստուգելու համար։ Մենք իրավունք չունենք քաղաքացիներից պահանջել անձնական տվյալներ։

Նախարարն էլ հաստատեց, որ մենք իրավունք չունենք անձնական տվյալներ վերցնելու, եթե մարդն իր կամքով պատրաստ չէ այն ցույց տալ։ Այսինքն՝ սա անձնական տվյալների պաշտպանության դաշտում է»,-ասաց Աշոտ Բարսեղյանը։

Նրա խոսքով Առողջապահության նախարարության այս հրամանն անիրագործելի է, և տնտեսվարողների մեծամասնությունը որոշել է շարունակել բնականոն աշխատանքը։ Տուգանելու պարագայում էլ Աշոտ Բարսեղյանը վստահեցնում է, որ դրանք անպայման վիճարկելու են ու չեն վճարելու տուգանքները, քանի որ իրավաչափ չեն։

«Նրանք էլ գիտեն, որ վիճարկվող տուգանքներ են, և վիճարկման հետ կապված խնդիր չի առաջանալու։ Այս ընթացքում էլ կան տուգանված տնտեսվարողներ։ Շաբաթ-կիրակի շոու էին սարքել, ոստիկանական ուժերով մտնում էին ռեստորաններ։ Ոստիկաններն ապօրինի կերպով մոտենում էին սեղաններին, առանց որևէ սանկցիայի, նրանք մարդկանց հարցնում էին՝ QR կոդ ունենք, թե ոչ։ Այսինքն՝ երկրում պետական մակարդակով անօրինականություն է»,-նշեց Աշոտ Բարսեղյանը։

Վերջինս նկատեց՝ ունեն բիզնեսներ, որոնք իրենց շրջանառության ընդամենը 10 տոկոսն են ապահովել այս վերջին օրերին, ինչը ծանր դրության մեջ է դրել տնտեսվարողներին։ Աշոտ Բարսեղյանը նշում է, որ հայտարարում են, թե միլիոնավոր մարդիկ պատվաստվել են, սակայն հանրային սննդի վայրեր հաճախողների 80 տոկոսը պատվաստված չէ։

«Պարսիկներին պատվաստում են, հետո էլ ասում, որ միլիոնից ավել մարդ է պատվաստվել։ Այսպիսի զավեշտալի իրավիճակ է»,- ասաց Աշոտ Բարսեղյանը։

pastinfo.am