ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ, որոնց օրենքով հասնում է ծառայողական ավտոմեքենա՝ ԱԺ համարանիշներով, հրաժարվել են դրանցից։ Խոսքը, մասնավորապես, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մասին է։ Նրանք չեն ցանկացել օգտվել պետական ծառայողական մեքենաներից եւ օրենքով իրենց հատկացվող վարորդներից։ Հիմա նրանք երկուսն էլ իրենց անձնական մեքենաներով եւ իրենց կողմից վճարվող վարորդով են գնում աշխատանքի․ Վահե Հակոբյանը՝ Мercedes S-Class-ով, իսկ Արմեն Գեւորգյանը՝ Lexus LX570-ով։
Այսինքն՝ երկուսի մեքենաներն էլ շատ ավելի շքեղ են ու բարձրակարգ, քան ԱԺ-ի կողմից հատկացվելիք Toyota Camry-ները։ Փոխարենը ծառայողական մեքենայից չեն հրաժարվել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ Օհանյանին սպասարկում է տարեթվով ավելի հին, իսկ Սաղաթելյանին՝ վերջին սերնդի Camry, որը ձեռք էր բերվել նախորդ իշխանությունների օրոք՝ 2018-ին, սակայն նախկիններն այդպես էլ չհասցրին նոր Camry-ները վայելել։ Նշենք, որ Սեյրան Օհանյանն ու Իշխան Սաղաթելյանն էլ էին մինչ այդ շքեղ ամենագնացներով շրջում․ Օհանյանի անձնական մեքենան Lexus LX570 է, իսկ Սաղաթելյանինը՝ Toyota Land Cruiser 200: Սաղաթելյանը, ի դեպ, քանիցս նշել է, որ ԱԺ փոխնախագահ չի դարձել ծառայողական մեքենայի եւ մեծ կաբինետ ունենալու համար, քանզի ինքն ավելի լավ մեքենա ունի, քան ԱԺ-ի տված Camry-ն է։ Բայց հիմա, փաստացի, այդ Camry-ն է նրան սպասարկում, որը հաճախ կարելի է տեսնել նաեւ Դաշնակցության գրասենյակի դիմաց։
Ի դեպ, մինչեւ վերջերս Սեյրան Օհանյանին ԱԺ աշխատակազմը թույլատրում էր իր մեքենայով մուտք գործել ԱԺ դարպասներից ներս եւ կայանել մուտքի մոտ, որ պատերազմում վիրավորված գեներալը երկար չքայլի ոտքով։ Հետո, մեզ ասացին, ՔՊ-ականները խանդել են եւ պահանջել, որ իրենց էլ թույլատրեն մեքենայով ներս մտնել, որովհետեւ «ինչո՞վ է, օրինակ, Հայկ Կոնջորյանը պակաս Սեյրան Օհանյանից», ինչո՞ւ չպետք է ինքն էլ՝ որպես խմբակցության ղեկավար, մեքենայով մտնի ԱԺ տարածք։ «Ուսապարկերը», ցավոք, մոռացել են, որ նույն Կոնջորյանը կամ իրենց շարքերից այլ անդամներ երկրին ու պետությանը մատուցած ծառայություններով եւ վաստակով Սեյրան Օհանյանից, բնականաբար, շատ պակաս են, բայց, այ, ֆիզիկական որոշակի տվյալներով առավել են։ Բարձրացվրած աղմուկի արդյունքում, ի վերջո, ԱԺ ղեկավարության կողմից որոշում է կայացվել, որ բացի ԱԺ նախագահից ու տեղակալներից, ուրիշ ոչ մի պատգամավոր այլեւս մեքենայով ԱԺ բակ չպետք է մտնի։ Հիմա բոլորը, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, կայանում են Դեմիրճյան փողոցում եւ այնտեղից ոտքով հասնում շենք։
ԱԺ-ից ծառայողական մեքենա է ստացել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Ճիշտ է, խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նույնպես հրաժարվել է ԱԺ-ի հատկացրած Camry-ից՝ նախընտրելով անձնական Range Rover-ով գնալ աշխատանքի, բայց մեքենա, այդուհանդերձ, խմբակցության համար վերցրել են։ Այն այժմ սպասարկում է խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանին։ Վերջինիս օրենքով պետք է հատկացվեր 008 HH 01 համարներով այն Toyota Camry-ն, որը մինչ այդ սպասարկել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի կաբինետը ժամանակին զբաղեցրած Էդմոն Մարուքյանին, նրանից առաջ՝ Նիկոլ Փաշինյանին, դրանից էլ առաջ՝ Լեւոն Զուրաբյանին։ Բայց Մամիջանյանի բախտը մեքենայի հարցում չի բերել, քանի որ իրեն հատկացվել է ԱԺ բալանսի վրա գտնվող ամենահին, չլած, Փաշինյանի ասած՝ «սվեչեքը թրջած» Camry-ներից մեկը, որը վաղուց պետք է «սպիսատ արած» լինեին՝ ԱԺ նախագահի հին BMW-ի նման։ Մեզ ասացին՝ մինչեւ «Պատիվ ունեմ»-ում գլխի են ընկել, որ կարելի էր գնալ եւ ծառայողական մեքենա ուզել, ամբողջ կյանքում «պադավատի» երես չտեսած ՔՊ-ական «ուսապարկերն» արդեն հասցրել են գնալ «բախտ բաժանողի»՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի մոտ եւ ԱԺ բալանսում եղած համեմատաբար ավելի թարմ ու լավ մեքենաները մեջ-մեջ են անել։ Դրա համար էլ «Պատիվ ունեմ»-ին հասել է այն մեքենան, ինչ տակը մնացել է։