Մեզ որևէ առաջարկ չի եղել, հետևաբար մենք որևէ քննարկում չենք ունեցել այս մասին: PressTime.am-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ ներկայացուցիչ Անի Սամսոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն Էդմոն Մարուքյանի հետ որևէ քննարկում ունեցել է նախագահի պաշտոնի համար վերջինիս հնարավոր թեկնածության վերաբերյալ։
–Իսկ Դուք բացառո՞ւմ եք Մարուքյանի ու Փաշինյանի միջև ինչ-որ քննարկում եղած լինի, բայց Մարուքյանը թիմին այդ մասին ասած չլինի։
-Մենք թիմում նման բարքեր չունենք։ Եթե լինում են քաղաքական առաջարկներ, թիմի անդամները զգուշացնում են կուսակցության կառավարման խորհրդին։
–Տիկին Սամսոնյան, իսկ ձեր թիմում ընդհանրապես պարոն Մարուքյանի թեկնածության վերաբերյալ ինչպիսի տրամադրություններ կան։ Եթե նույնիսկ ոչ պաշտոնական ապա գոնե միջանձնային քննարկումներ եղած կլինեն։
-Չի կարող լինել որևէ տրամադրություն, եթե չկա կոնկրետ առաջարկ։ Մենք քաղաքական մարդիկ ենք, պրագմատիկ ենք ու քննարկումներ ենք անում կոնկրետ հարցի շուրջ։ Երազանքներ, նպատակներ, սպասումներ․․․ նման բաները մեզ համար չեն։ Կա առաջարկ՝ կա քննարկում, չկա առաջարկ՝ չկա քննարկում։
–Դուք չգիտե՞ք, թե ինչպես է վերաբերվում Մարուքյանը հարցին, ուզո՞ւմ է դառնալ նախագահ, թե՝ ոչ։
-Եթե կլինի առաջարկ, մենք կգնահատենք այդ պաշտոնը ստանձնելու նպատակահարմարությունը։
–Իսկ ի՞նչ կասեք իշխող ուժի հնարավոր թեկնածուի մասին։ Մամուլը գրում է, որ իշխանությունների ընտրությունը կանգ է առել Արայիկ Հարությունյանի վրա։
-Որևէ բան չեմ կարող ասել։ Մամուլը շատ թեկնածություններ է առաջ քաշում, դրանք կարող են ուղղորդվել տարբեր մարդկանց կողմից, բայց քանի դեռ չկա պաշտոնական առաջադրում, ես ձեռնպահ կմնամ որևէ թեկնածուի վերաբերյալ որևէ գնահատական տալուց, որովհետև դա լուրջ չեմ համարում։
–Իսկ անձամբ Դուք նախընտրելի թեկնածու ունե՞ք, կապ չունի՝ ձեր կուսակցությունից է, թե՝ ոչ։
-Անձամբ ես որևէ նախընտրելի թեկնածու չունեմ։ Եթե կլինի պաշտոնական հրապարակում որևէ թեկնածուի վերաբերյալ, ես կարող եմ իմ կարծիքը հայտնել։ Իսկ այս պարագայում նախընտրելի թեկնածուի անուն տալը ճիշտ չեմ համարում։
Համենայնդեպս վստահ եմ, որ ով էլ լինի այդ մարդը, պետք է պետական կառավարման համակարգ բերի թարմություն, նոր գաղափարներ, նաև լինի համերաշխության խորհրդանիշ։
Քաղաքականությունն այսօր լճացած վիճակում է, մարդիկ խիստ հիասթափված են։ Այս իրավիճակում լավ կլիներ, եթե պետական կառավարման համակարգում նոր գույն բացվեր, նոր գույն բերվեր։ Դա կարող էր անել նոր նախագահը, նույնիսկ եթե լծակներ, լիազորություններ բավարար չունի ինչ-որ որոշումների վրա ազդեցություն ունենալու համար։ Մարդու անձից և նրա վերաբերմունքից, հնարավորություններից ևս շատ բան կախված է։